Логотип

Անընդունելի է․ Թրամփը մերժել է Իրանի պատասխանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մերժում է Իրանի` հակամարտության կարգավորման և հետագա բանակցությունների վերաբերյալ նոր առաջարկները՝ Թեհրանի դիրքորոշումն անվանելով «բացարձակ անընդունելի»:

«Հենց նոր ծանոթացա Իրանի այսպես կոչված «ներկայացուցիչների» պատասխանին։ Դա բացարձակապես անընդունելի է և ինձ դուր չի գալիս»,- գրել է Թրամփը «Truth Social» սոցցանցում։

Թեհրանում ի պատասխան հայտարարել են, որ ԱՄՆ նախագահի կարծիքը նշանակություն չունի բանակցային խմբի համար:

Նշենք, որ մի քանի օր առաջ Թրամփը Իրանի հետ շփումները դրական էր գանահատել և իրատեսական էր համարել գործարքի հնարավորությունը՝ պնդելով, որ միանգամայն հնարավոր է համաձայնության հասնել։

Ավելի ուշ նա կրկին քննադատել էր Իրանի դիրքորոշումը՝ այն անվանելով «անտեղի»։

«Reuters»-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն Իրանի կողմից ավելի կոնկրետ զիջումներ է ակնկալում, մասնավորապես՝ միջուկային ծրագրի և Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Վաշինգտոնը պնդում է ավելի լայն համաձայնագիր, որը պետք է սահմանափակումներ ներառի իրանական միջուկային ենթակառուցվածքի զարգացման համար:

Ինչպես հայտնել է «The Guardian»-ը, Թրամփը իրավիճակը քննարկել է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Իսրայելը բազմիցս հայտարարել է, որ անթույլատրելի է համարում Իրանի միջուկային ծրագրի պահպանումը նույնիսկ սահմանափակ տեսքով:

«The Wall Street Journal»-ի տեղեկություններով՝ Իրանը պակիստանցի միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել կարգավորման բազմաէջանոց պլան: Թեհրանն առաջարկել է միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր՝ մոտ մեկամսյա փուլ սկսել: Այս ժամանակահատվածում թույլատրվում է Հորմուզի նեղուցի մասնակի բացում առևտրային նավագնացության համար՝ իրանական նավահանգիստների նկատմամբ ամերիկյան սահմանափակումների թուլացման դիմաց։

Բացի այդ, Իրանը պատրաստ է բարձր հարստացված ուրանի պաշարների մի մասը փոխանցել երրորդ երկրի՝ ԱՄՆ-ից երաշխիքներ ստանալու դեպքում: Ենթադրվում էր, որ այդ նյութերը կվերադարձվեն Թեհրանին բանակցությունների ձախողման կամ համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալու դեպքում։

Միևնույն ժամանակ, պարբերականի տվյալներով, Իրանը համաձայնել է քննարկել ուրանի հարստացման սահմանափակումները, սակայն մերժել է 20-ամյա մորատորիումի և միջուկային ենթակառուցվածքի ապամոնտաժման վերաբերյալ ամերիկյան առաջարկը:

Sputnik Արմենիա