Логотип

Անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները․ «Միասնության թևերը» վարչական դատարան է դիմել

«Միասնության թևեր» կուսակցությունը վարչական դատարան է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ ԿԸՀ որոշումը՝ ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Այդ մասին նշված է կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

««Միասնության թևեր» կուսակցությունը, հավատարիմ մնալով իր հայտարարած դիրքորոշմանը, քիչ առաջ հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԿԸՀ հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ԿԸՀ հունիսի 14-ի 258-Ա որոշման մեջ նշված էր, թե հունիսի 7-ին կայացած հերթական ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:

Հավելենք, որ ավելի վաղ «Միասնության թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանը հայտարարեց, որ կդիմեն նաև Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։

Հունիսի 14-ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որոնց` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան։ Արդյունքների հրապարակումից հետո 6 ընդդիմադիր ուժեր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» , «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցությունները համատեղ հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։

Հայտարարության մեջ նշված է, որ ընտրությունների ընթացքում արձանագրվել են թվով 5 խոշոր խումբ հանդիսացող ֆունդամենտալ ընտրական խախտումներ, և ըստ այդմ` ընտրության արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։

Sputnik Արմենիա