Логотип

Աշոտ Գևորգյան․ «Եվրասիա-Կինոֆեստը» ավանդական արժեքների վերաբերյալ հասարակության պահանջն է

«Եվրասիա-Կինոֆեստ» փառատոնը պատասխանում է ավանդական արժեքների՝ ընտանիքի, պատմական հիշողության և ազգային ինքնության վերաբերյալ հասարակության պահանջներին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասել է ռեժիսոր Աշոտ Գևորգյանը։

Սոչիում ընթացող փառատոնի արտամրցութային ծրագրում ներկայացվել է Գևորգյանի «Սահման» վավերագրական ֆիլմը՝ Հայաստանում ծառայություն իրականացնող ռուս սահմանապահների մասին։

Գևորգյանն այս ֆիլմը նվիրել է ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հիշատակին, որը ժամանակին դարձել էր փառատոնի գաղափարի ներշնչողներից մեկը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել «Եվրասիա» ՀԿ-ին՝ ֆիլմի ստեղծմանն աջակցելու համար։

«Իմ կարծիքով՝ այս կինոփառատոնի հիմնական թեման ընտանիքի, կնոջ հետ հարաբերությունների թեման է։ Դրանից են բխում թե՛ սերը, թե՛ մարդկային որակները»,-ասել է Գևորգյանը։

Այս արժեքների մասին խոսելու խնդիրը ժամանակին իրենց առջև դնում էին խորհրդային կինոփառատոնները, որոնց, ինչպես նշեց ռեժիսորը, իր երիտասարդության տարիներին ներկա գտնվելու հնարավորություն է ունեցել։

Ներկայիս փառատոնի մասնակիցներին միավորում է խորհրդային կինոփառատոնների այդ հին ոգին, իսկ ֆիլմերը, նրա խոսքով, ընտրվել են խորհրդային մեծ կինոյի օրենքներով։

«Դիտում ես այդ ֆիլմերը և կատարսիս ես ապրում… Օրինակ՝ Տարկովսկու ֆիլմերից հետո։ Մեջդ ինչ-որ բան է փոխվում։ Լրիվ ուրիշ կինո է։ Իմ կարծիքով՝ նա (նկատի ունի Տիգրան Քեոսայանին՝ խմբ․) այս փառատոնը ստեղծել էր հենց դա վերածնելու համար»,-կարծում է Գևորգյանը։

Փառատոնում Հայաստանից չորս վավերագրական ֆիլմ է ներկայացվել, և դա, ռեժիսորի համոզմամբ, շատ կարևոր է։

Գևորգյանի կարծիքով՝ ստեղծագործող մարդիկ իրենց դերն ունեն Ռուսաստանի և Հայաստանի փոխհարաբերությունների պահպանման գործում, և նրանք դեպի իրենց լսարան են գրավում նաև երիտասարդ սերնդին։

«Եվրասիա-Կինոֆեստ» առաջին կինոփառատոնը կայացել է Մոսկվայում 2024 թվականին։ Դրա գաղափարական ներշնչողն ու նախագահը կինոռեժիսոր, սցենարիստ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Քեոսայանն էր։ Երկրորդ փառատոնն անցկացվեց մեկ տարի անց՝ Սոչիում։