Ֆիտնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների համար պարտադիր է հավաստագիր ունենալը։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը համապատասխան հրաման է ստորագրել՝ սահմանելով հավաստագրման պայմանները, դիմելու ընթացակարգը, վերապատրաստման պահանջները և այլն, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Նոր կարգավորումը տարածվում է ոլորտում գործող բոլոր կենտրոնների վրա՝ անկախ սեփականության ձևից։
«Հավաստագրման համար կարող են դիմել այն անձինք, որոնք ունեն մասնագիտական բարձրագույն կրթություն, կամ առնվազն հարակից ոլորտների (աերոբիկա, յոգա, պիլատես, բոդիֆլեքս, զումբա, սթրետչինգ) միջին մասնագիտական կրթություն և համապատասխան վերապատրաստման վկայական, կամ առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ՝ որպես ֆիտնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզիչ»,- հայտնում են նախարարությունից։
Այն դեպքում, եթե մարզիչը չունի համապատասխան բարձրագույն կրթություն, ապա հավաստագրման համար պարտադիր է լինելու վերապատրաստումը, որը պետք է ներառի առնվազն հետևյալ թեմաները՝ անատոմիա, ֆիզիոլոգիա, սպորտային բժշկություն, առաջին բուժօգնություն, էնդոկրինոլոգիա, վնասքաբանություն, սննդաբանության հիմունքներ, վարժությունների մեթոդիկա, անվտանգության կանոններ։ Վերապատրաստման տևողությունը չի կարող 144 ժամից պակաս լինել, իսկ վերապատրաստման գործնական բաղադրիչը չի կարող իրականացվել հեռավար ուսուցմամբ:
Վերապատրաստման վկայական կստանան միայն այն մասնակիցները, որոնք կհաղթահարեն վերապատրաստող կազմակերպության ծրագրով նվազագույն շեմը։
Վերապատրաստման վկայական ստանալուց հետո միայն մասնագետները կարող են դիմել ԿԳՄՍՆ՝ հավաստագրի համար, որը տրվելու է 5 տարի ժամկետով։ Նոր աշխատանքի ընդունված և դեռևս չհավաստագրված մարզիչները պարտավոր են մեկ ամսվա ընթացքում դիմել հավաստագրման։
Եթե մարզասրահներում աշխատանքի անցնեն առանց հավաստագրման մարզիչներ, ապա կարող են կենտրոնների նկատմամբ տուգանքներ կիրառվել։
Հրամանն ուժի մեջ է մտել մայիսի 7-ից։
Sputnik Արմենիա
