Логотип

Ավանդույթի համաձայն` ԱԺ անդրանիկ նիստը կվարի տարիքով ավագ պատգամավորը

Նորընտիր ԱԺ անդրանիկ նիստն օգոստոսի 3-ին կլինի, գրում է «Հրապարակ» թերթը։

Թերթի տվյալներով` արդեն չորրորդ անգամ ավանդույթը չի խախտվի, և մինչ ԱԺ նախագահի ընտրվելը նիստը կվարի տարիքով ավագ պատգամավորը՝ Կնյազ Հասանովը։ Նա պատգամավոր է ընտրվել ՔՊ-ի՝ փոքրամասնությունների ցուցակով։

Ազգությամբ քուրդ պատգամավորը ՀՀԿ-ի ցուցակով 2017-ին է պատգամավոր դարձել և վարել անդրանիկ նիստը, ապա՝ 2018-ին, հետո՝ 2021-ին։

81-ամյա Հասանովը թերթի հետ զրույցում ասել է, որ դեռ չգիտի՝ ինքն ընտրվել է, թե ոչ: «Եթե ընտրվել եմ, և եթե առաջարկեն, չեմ մերժի»։

Հասանովից հետաքրքրվել են` չի՞ հոգնել օրենսդիր աշխատանքից, ինչո՞ւ չգնաց թոշակի, որ երիտասարդների համար տեղ բացի: «Չէ, դեռ չեմ հոգնել, որ հոգնեմ, կգնամ»: Վիրահատություն տարա, հիմա լավ եմ զգում»։

Նիստին, ըստ կարգի, պետք է ներկա լինեն նաև ՀՀ նախագահն ու վեհափառը, ինչպես 2021-ին էր: Սակայն ՔՊ-ում վստահ են, որ կաթողիկոսը ներկա չի լինի` չեն հրավիրի։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։

Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին։

Sputnik Արմենիա