«ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտյան Չալաբյանին ձերբակալել են ՔԿ–ում քննվող քրեական վարույթի շրջանակում։
«Մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ): Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն ծայրից ծայր սուտ»,– գրել է փաստաբանը։
Նա ընդգծել է, որ գործի «փաստական հանգամանքներին» չեն կարող անդրադառնալ` նկատի ունենալով նախաքննական գաղտնիքի ռեժիմը, սակայն հույս է հայտնել, որ ապագայում կանդրադառնան դրանց։ Հարությունյանը գործն անվանել է զավեշտալի ու հորինված:
Այս պահին Ավետիք Չալաբյանը գտնվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ քննվելու է նրան կալանավորելու միջնորդությունը:
Sputnik Արմենիա
