Սահմանադրական դատարանի 9 դատավորներից 8–ը նշանակվել են ներկայիս իշխանության օրոք։ ՍԴ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նեկայացուցիչ Արամ Օրբելյանը` անդրադառնալով իր միջնորդությանը։
Նա նշեց, որ բացառություն է միայն դատարանի նախագահ Արման Դիլանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը միջնորդություն ներկայացրել` նշելով, թե հակասահմանադրական է ՍԴ–ի կրճատված կազմով որոշում կայացնելը։
«Նմանատիպ իրավիճակ է եղել, երբ Սահմանադրական դատարանը նոր էր ձևավորվում, և, բնականաբար, դրա բոլոր անդամները նշանակվել էին այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք։ Դրանից հետո դատարանի կազմը տարբեր է եղել. եղել են ավելի ազատական (լիբերալ) դատավորներ, եղել են ավելի պահպանողական, բայց նման իրավիճակ չի եղել։ Այդուհանդերձ, նույնիսկ այսպիսի դատարանն ավելի լավ է, քան դրա բացակայությունը։ Առնվազն հասարակությունը կկարողանա տեսնել, թե դատավորներից ով ինչի օգտին է արտահայտվել»,- ասաց Օրբելյանը։
Նրա խոսքով՝ ինքը նորից կբարձրացնի դատավոր Սեդա Սաֆարյանի կողմնակալության հարցը, եթե դատարանը չկարողանա գալ վերջնական որոշման (այսինքն՝ եթե այս կամ այն որոշման օգտին քվեարկի 5-ից պակաս դատավոր)։
Նրա խոսքով՝ ՍԴ–ն կվերադառնա մնացած 7 դատավորներից մի քանիսի կողմնակալության հարցին, եթե նրանք չգան ընդհանուր որոշման, որի համար անհրաժեշտ է 7 ձայնից 5-ը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։
News.am
