«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի կալանքը փոխարինվեց տնային կալանքով։
Գործով առաջին դատական նիստին հանրային մեղադրողը միջնորդել էր նրա խափանման միջոց կալանքը երկարաձգել 3 ամսով, սակայն դատավոր Սարգիս Դադոյանը որոշեց փոխարինել տնային կալանքով և բացակայելու արգելքով։
Մինչ այդ հանրային մեղադրողն իր հիմնավորումներով նշել էր, թե կարող է խոչընդոտել գործի քննությանը։
«Արթուր Ավանեսյանի կայուն, ինչպես նաև սոցիալական կապերի պայմաններում մեծ է հավանականությունը, որ ազատության մեջ լինելու դեպքում նա մի շարք անձանց, այդ թվում՝ ենթադրյալ ընտրակաշառք ստանալու առաջարկ ու խոստում տված անձանց հետ կգա համաձայնության, որպեսզի իր և մյուս մեղադրյալների օգտին շահեկան ցուցմունքներ տան»,– ասաց հանրային մեղադրող Ա. Գևորգյանը։
Փաստաբան Ռոման Երիցյանը հիշեցրել էր, որ գործի նախաքննությունն ավարտվել է, և հանրային մեղադրողի նշած ռիսկերը չեզոքացված են։
«Խափանման միջոցը կալանք կիրառած դատարանն արդեն իսկ արձանագրել է, որ կալանքն ընտրվել է բացառապես նախաքննության սկզբնական փուլ լինելու հանգամանքով»,– ասել էր Երիցյանը։
Ավանեսյանի մյուս փաստաբաններն էլ նշել են, որ իրենք դատարանին առաջարկում են հնարավորինս մեղմ խափանման միջոց, օրինակ` վարչական հսկողություն, որը կարող է լիարժեք ապահովել Արթուր Ավանեսյանի պատշաճ վարքագիծը։ Փասաբաններից Արամ Օրբելյանն էլ դատարանին ասաց, որ կարող են գրավ էլ կիրառել` մինչև 10 մլն դրամ։
Հավելենք, որ գործով մյուս մեղադրյալներից Արթուր Իսկանդարյանի խափանման միջոց բացակայելու արգելքը դատարանը թողեց անփոփոխ, իսկ Գեղամ Զաքարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը փոխեց վարչական հսկողությամբ` առանց հատուկ էլեկտրոնային սարքի կիրառման։
Հիշեցնենք` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ապրիլի 27-ին բերման ենթարկեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, որը վերջերս միացել է Սամվել Կարապետյանի թիմին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա ձերբակալվել է, ըստ պաշտոնական հաղորդագրության, ԱԺ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով կաշառք խոստանալու կասկածանքով։ Ապրիլի 28–ին Արթուր Ավանեսյանը կալանավորվեց 2 ամսով։
Ավանեսյանը գտնվում էր «Վարդաշեն» ՔԿՀ–ում։ Նրա կալանքի վերաբերյալ բողոք էր ներկայացվել վերաքննիչ դատարան։
Sputnik Արմենիա
