Логотип

Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց

ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Քննչական մարմնի միջնորդությունը ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց մասնակի։

«Կատարված վարույթային գործողությունների շատ քիչ մասն է առնչվել Արմեն Աշոտյանին: Դատական ակտը կստանանք ու կբողոքարկենք Վերաքննիչ դատարանում: Ամեն անգամ դատարան մտնելիս որոշակի հույսեր ունենում ենք, քանի որ գործը բացարձակ հիմնազուրկ է: Մեկ ամսով կալանավորեցին, երևի քննչական մարմինը պետք է շատ ավելի արագ ու ջանասիրաբար գործի»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Ընդգծեց՝ որոշումը դեռ չեն ստացել:

Հիշեցնենք` հունիսի 5–ին ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալման որոշումներ էր կայացրել 7 նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ։

ՔԿ-ից հայտնել էին 7 անձանց անունների սկզբանատառերը միայն ՝ նշելով, որ վարույթը վերաբերում է շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու փողերի լվացմանը։

Ըստ հաղորդագրության՝ Աշոտյանը, այդ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել է պաշտոնեական դիրքն ու ֆինանսերի նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, օժանդակել ձեռք բերել օտարման ոչ ենթակա գույք։

Մասնավորապես ՀՀ սեփականության ֆոնդից կոռուպցիոն սխեմայի կիրառմամբ դուրս են բերվել Երևանի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 208 մլն 908 հզր 500 ՀՀ դրամ արժեքով առանձնապես խոշոր չափերով 451.1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը, դրա անբաժանելի մաս համարվող հողամասը և ոչ ուսումնական նպատակներով օգտագործելու համար փոխանցվել Գագիկ Խաչատրյանի և նրա որդու սեփականության ֆոնդ:

Աշոտյանը կալանավորվեց հունիսի 5-ին։

Sputnik Արմենիա