Ադրբեջանը Իսրայելին բանավոր դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, սակայն այդ երկրի հետ հարաբերությունները չի փչացնի։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի միացմամբ կազմակերպված տեսակամրջի ժամանակ այս տեսակետը հայտնեց իսրայելցի քաղաքագետ, «Նատիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմին:
Նա նշեց, որ հիմա Անկարան Բաքվի վրա զգալի ճնշում է գործադրում, բայց Իլհամ Ալիևը նաև հասկանում է Իսրայելի հետ համագործակցության կարևորությունը։ Ադրբեջանին պետք է Իսրայելի հետ համագործակցությունը, միևնույն ժամանակ չի ցանկանում նեղացնել եղբայրական Թուրքիային։ Արդյունքում ընտրվել է միջանկյալ տարբերակ։
Նրա խոսքով` Թել Ավիվի և Բաքվի հարաբերությունները զուրկ են որևէ բարոյական նկատառումից, դրանք կառուցված են բացառապես տնտեսական, ռազմական և ռազմատեխնիկական հաշվարկներով: Կեդմին նշեց, որ ժամանակին ԱՄՆ-ում հրեական լոբբին զգալի օգնություն է ցուցաբերել Հեյդար Ալիևի ռեժիմին, որը քննադատության էր ենթարկվում մարդու իրավունքների խախտումների համար: Լոբբիստական խմբերը մեծապես նպաստել են Ալիև Ավագի և նրա իշխանության հասցեին քննադատության մեղմացմանը։ Այս պրագմատիկ համագործակցությունը շարունակվում է մինչ օրս։
Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իսրայելի կառավարությունը քաղաքական որոշում է կայացրել, որը կապված է Գազայի հետ։ Իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելին կոչ է արել վերանայել որոշումը։ Բաքվում իսրայելական կողմի գործողություններն անվանել են «առկա հակասությունների խորացում, որոնք խանգարում են տարածաշրջանում կայուն խաղաղության և համերաշխության հաստատման ջանքերին»:
