Ադրբեջանական ավելի քան 5 տարվա գերությունից հետո Հայաստան վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար հրատապ դրամահավաք է հայտարարվել։ Այն կազմակերպում է «Աղմուկ» կոլեկտիվը։
Ինչպես նշված է դրամահավաքի էջում, Վիգենը գերության ընթացքում առողջական մի շարք խնդիրներ է ձեռք բերել, նրան հաշմանդամության 3-րդ կարգ է տրվել, հիմա նա համալիր բուժման կարիք ունի։
«Ծանր քրոնիկ հիվանդությունների, սահմանափակ շարժունակության, լսողության կորստի և սիրտ-անոթային ռիսկերի պատճառով՝ նա շարունակում է բախվել լուրջ դժվարությունների առօրյա կյանքում և աշխատանքային հարցերում։ Չնայած պետական մարմիններին ուղղված բազմաթիվ դիմումներին՝ Վիգենը չունի կայուն կացարան և ապավինում է ընկերների ու հարազատների աջակցությանը»,- նշված է էջում։
Լիբանանում բնակվող նրա ընտանիքը դժվարությամբ է հոգում Վիգենի բժշկական ծախսերը, քանի որ ՀՀ կառավարությունը մինչ օրս չի տրամադրել համապատասխան վերականգնողական և բնակարանային աջակցություն։
Վիգենին անհրաժեշտ է վարձակալել հարմարեցված բնակարան Երևանում՝ հիվանդանոցի մոտակայքում։ Բնակարանի մեկ ամսվա վարձակալության գումարն ու կոմունալ վճարները միասին կազմում են մոտ 700 դոլար։ Հանգանակության նպատակն է ապահովել 6 ամսվա բնակարանային ծախսերը։ Նշվում է, որ բուժման ընթացքից և ապաքինման կարիքներից կախված՝ հնարավոր է նոր հանգանակության կարիք լինի։
Էուլջեքչյանի առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել էր։ Նա ունի զարկերակային բարձր ճնշում, սրտի հիվանդություն և ոսկրային ցավեր։
Sputnik Արմենիա
