ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից։
Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մակագրվել էր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին։
Հիշեցնենք` հունիսի 5–ին ՀՀ Քննչական կոմիտեն ձերբակալման որոշումներ էր կայացրել 7 նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ ՀՀԿ փոխնախագահ, կրթության ու գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի, Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի, պրոռեկտոր Արթուր Այվազյանի, համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանի, ֆինանսերի նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, նրա որդի՝ Արտյոմ Խաչատրյանի, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ևս մեկ անձի՝ Հարություն Թադևոսյանի նկատմամբ։
ՔԿ-ից հայտնել էին, որ վարույթը վերաբերում է շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու փողերի լվացմանը։
