«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Գոշ համայնքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում խիստ քննադատության է ենթարկել գործող իշխանություններին՝ անդրադառնալով պետական պարտքին, տնտեսության վիճակին, ներդրումային քաղաքականությանը և հայ-ադրբեջանական հարաբերություններին։
Ծառուկյանի խոսքով՝ Հայաստանի պետական պարտքը հասել է 15 միլիարդ դոլարի, սակայն այդ միջոցներով ռազմավարական ծրագրեր չեն իրականացվել։
«Կարևորը մենք պետք է կարողանանք մեր ժողովրդին էդ ճահճի մեջից հանենք։ Պետական պարտքը 15 միլիարդ է, ժողովուրդ ջան։ 15 միլիարդով ոչ գործարան են կառուցել, ոչ մի բան չեն արել, մենակ ասֆալտ են գցել», — հայտարարել է նա։
Քաղաքական գործիչը նշել է, որ այդ միջոցներով հնարավոր էր իրականացնել խոշոր արդյունաբերական ծրագրեր և ստեղծել հազարավոր աշխատատեղեր։
«15 միլիարդով կարելի էր 15 հատ խոշոր ծրագիր անել, որտեղ միլիոնավոր մարդիկ կաշխատեին», — ասել է Ծառուկյանը։
Նա որպես օրինակ նշել է պղնձամոլիբդենային հումքի վերամշակման գործարանի ստեղծումը Հայաստանում։ «Եթե այստեղ կառուցվեր մշակման գործարան, տարեկան 3 միլիարդ դոլար կմնար Հայաստանում։ Հազարավոր մարդիկ կաշխատեին, կաշխատեր կաբելի գործարանը, պղնձի գործարանը, ալյումինի գործարանը», — նշել է նա։
Ծառուկյանը նաև հիշեցրել է, որ 2018 թվականին աջակցել է Նիկոլ Փաշինյանին՝ հավատալով նրա հայտարարություններին Արցախի վերաբերյալ։
«Ես Նիկոլ Փաշինյանին ձայն եմ տվել՝ հավատալով իր խոսքին, որ «Արցախը Հայաստան է և վերջ», որ մենք հող հանձնելու չենք եկել: Որ ասում է Ծառուկյանին ընտրեցիք, ընտրելու եք Լուկաշենկոյին, ես էլ ասում եմ, ով ՔՊ-ին ընտրեց, նա ընտրելու է Ալիևին », — ասել է նա։
ԲՀԿ առաջնորդը քննադատել է իշխանությունների քաղաքականությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում՝ նշելով, որ, իր կարծիքով, Բաքուն շարունակում է նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին։
«Հզորի հետ են հաշվի նստում, թույլի հետ՝ ոչ։ Ալիևը միշտ լինելու է պահանջող», — հայտարարել է Ծառուկյանը։
Նա անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանը չպետք է մոռանա իր պատմությունը։
«40-ից ավելի երկրներ ընդունել են Հայոց ցեղասպանությունը։ Մենք անցյալը չենք կարող մոռանալ», — ասել է նա։
Հանդիպման ընթացքում Ծառուկյանը կոչ է արել իշխանություններին պատասխան տալ պետական պարտքի աճի և տնտեսական արդյունքների բացակայության համար՝ նշելով, որ ժողովուրդը չի զգացել այդ միջոցների ազդեցությունը իր կյանքի վրա։
News.am
