Логотип

Գիշերը ասուլիսի հետևել չէինք կարող. Հովակիմյանը` Փաշինյանի «հաղթական» հայտարարության մասին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը Սահմանադրական դատարանում հայտարարեց, որ հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը չի հետևել քաղաքական ուժերի հայտարարություններին` նկատի ունենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի «հաղթանակի» մասին հայտարարությունը։ Հովակիմյանն այդ հայտարարությունն արեց` պատասխանելով դատավոր Դավիթ Խաչատուրյանի հարցին, թե երբ են սկսել ուսումնասիրել որոշ ընտրատեղամասերում առաջացած ընտրախախտումները։

Հունիսի 7–ի լույս 8–ի գիշերը, երբ դեռ չկային քվերակության նախնական արդյունքները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր ուժի հաղթանակի մասին։ Քվեարկության արդյունքները ՍԴ–ում վիճարկող ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները վստահեցնում են, որ Փաշինյանի հայտարարությունը կարող էր ազդել ԿԸՀ-ի գործողությունների վրա։

«Երբ մենք հունիսի 7-ին, 8-ին ամփոփում էինք քվեարկության գործընթացը 24/7 ռեժիմով, կոնկրետ տեղամասի խնդիրները մանրամասնություններով չէինք կարող ունենալ։ Սա ես ասում եմ նաև ի պատասխան այն բանի, որ այստեղ հայտարարություններ են հնչում ինչ-որ ասուլիսների մասին։ ԿԸՀ նախագահից մինչև բոլոր աշխատակիցներ ասուլիսների, հարցազրույցների հետևելու հնարավորություն չեն ունեցել»,- ասաց Հովակիմյանը։
Նրա խոսքով՝ խախտման մասին տեղեկությունն է միայն փոխանցվել իրավիճակային կենտրոնին` դրա հետևից գնալու համար։

Խաչատուրյանը նշեց, որ Հովակիմյանը խոսում է ընտարտեղամասերում կեղծիքների վերաբերյալ խնդիրների վերահանման հանրային պահանջի մասին, և հարցրեց` ինչպես են չափում հանրային պահանջի առկայությունը, և արդյոք մինչ այդ չկար այդ հանրային պահանջը։

Ըստ Հովակիմյանի` անդադար ամփոփման փուլն ավարտելուց հետո արդեն պարզ է դարձել, որ հանրապետությունում 3 ընտրատեղմասի խախտումները տարածվել են ընդհանուր ընտրությունների արդյունքների վրա ու դա եղել է հունիսի 8-ին, 9-ին։ Այդ ժամանակվանից արդեն սկսել են հետաքրքրվել ու պարզել, թե ինչ է տեղի ունեցել։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։

Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին` ժամը 11-ին։ Դատարանը գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։

Sputnik Արմենիա