Логотип

Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից. ԿԸՀ-ն բավարարեց դատախազության միջնորդությունը

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) բավարարեց գլխավոր դատախազության ներկայացրած 2 միջնորդությունները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Այս մասին ԿԸՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Կարծում եմ՝ ԿԸՀ-ից որևէ իրավական ակնկալիք ունենալը ողջամիտ չէ, դա նույնիսկ միամտություն էլ չէ։ Այս կառույցը որևէ իրավական հենք չի ուզում պահել։ Դավիթ Ղազինյանի վերաբերյալ երկու միջնորդություն էր ներկայացվել, երկուսն էլ բավարարվել են»,- նշեց Վարդևանյանը։

Շեշտեց՝ մեղադրանքը վերաբերում է ընտրակաշառք տալու նախապատրաստությանը։ Վարդևանյանն ասաց, որ նման միջնորդություն իր պրակտիկայում երբևէ չէր տեսել․ մեղադրանքի բովանդակությունը բացակայում է, այն ամբողջովին քաղաքական է։

Փաստաբանն ասաց, որ շուրջ 12-13 օր է՝ քրեական վարույթին վերաբերող բոլոր մանրամասները հանրայնացված են, ընդ որում՝ դա հենց Հակակոռուպցիոն կոմիտեն է արել, սակայն ԿԸՀ-ն կարծում է, որ պետք է բավարարել Ղազինյանի՝ ազատությունը սահմանափակելու վերաբերյալ միջնորդությունը։ Հարցը քննարկման առարկա կդարձնի արդեն դատարանը։

«ԿԸՀ–ն հերթական անգամ նվաճում է իրավաբանության կործանման նոր նշաձողերը»,- հավելեց Վարդևանյանը։

Հավելենք, որ երեկոյան ԿԸՀ–ն քննարկելու է նաև «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի մեկ այլ թեկնածուի՝ Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ ներկայացված միջնորդությունները քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ։

Sputnik Արմենիա