Логотип

Դատախազությունը գնահատական չի տալիս ատելության հռետորաբանությանը

Քաղաքական ուժերի հայցով ՍԴ նիստում համառոտ ելույթով հանդես է եկել Դատախազության ներկայացուցիչ, գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանը։

Նա վստահեցրել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում, քվեարկության օրը և դրանից հետո ստացված բոլոր ահազանգերը մանրակրկիտ ուսումնասիրվել են, և անհրաժեշտության դեպքում դրանց ընթացք է տրվել։

Լիլիթ Գրիգորյանի կարծիքով՝ հայցվորների բարձրացրած բոլոր մտահոգությունները փարատված են։ Նա նաև հայտնել է, որ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանի դիմումի հիման վրա, որը վերաբերում էր Մարտունու քաղաքապետարանի աշխատակիցների ներգրավվածությանը, վարույթ է նախաձեռնվել։ Իսկ ինչ վերաբերում է ատելության խոսքին կամ անհանդուրժողականությանը, ապա, ըստ դատախազի տեղակալի, դրանց հնարավոր կլինի գնահատական տալ միայն դատարանում քննելուց հետո։

ՆԳՆ ներկայացուցիչ, նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը վստահեցրել է, որ ձեռնարկվել են բոլոր միջոցները՝ կրկնակի քվեարկության դեպքերը բացառելու համար։ Նա հայտնել է, որ փաստացի բնակության վայրում քվեարկելու վերաբերյալ ստացված 27 հազար դիմում բավարարվել է, իսկ շուրջ 7 հազարը՝ մերժվել, քանի որ չեն համապատասխանել օրենքի պահանջներին. այդ անձինք հնարավորություն են ունեցել քվեարկելու իրենց հաշվառման վայրերում։ Արմեն Ղազարյանը նաև ընդգծել է, որ ընտրախախտումների վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերը մանրակրկիտ ուսումնասիրվել են, և անհրաժեշտության դեպքում դրանց ընթացք է տրվել։ Փոխնախարարի խոսքով՝ տեղամասերում տեխնիկական սարքավորումների հետ կապված բոլոր հայտնաբերված խնդիրները եղել են բացառապես տեխնիկական պատճառներով։ Նա հավելել է, որ այս ընտրությունների ընթացքում արձանագրված տեխնիկական խախտումները եղել են նվազագույնը և չեն ազդել ընտրողների նույնականացման ու քվեարկության ընդհանուր ընթացքի վրա։

Անդրադառնալով արցախցիների կողմից քաղաքացիություն ստանալու գործընթացին՝ Արմեն Ղազարյանը նշել է, որ այս պահին քննարկման փուլում է քաղաքացիության ստացման 10196 դիմում։ Քաղաքացիություն է շնորհվել 40876 անձի, որոնցից 27598-ը չափահաս են։

ՆԳՆ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ քվեարկության օրը ստացվել է քվեարկության գաղտնիության խախտման վերաբերյալ 39 ահազանգ։ Ինչ վերաբերում է այսօրվա նիստում հնչած այն փաստին, որ ոստիկանությունն անտեսել է հօգուտ իշխող ուժի գովազդային վահանակներով շրջող մեքենաները (ինչն օրենքի խախտում է), փոխնախարարը հստակեցրել է, որ տվյալ դեպքում տուգանքի է ենթակա մեքենայի սեփականատերը, այլ ոչ թե քաղաքական ուժը։

News.am