Логотип

Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել

Հակակոռուպցիոն դատարանի խոսնակ Արմինե Նավրուզյանը «Ազատության» հետ զրույցում հայտնեց, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն չի ներկայացել այսօրվա դատական նիստին։ Այդ պատճառով դատավորը որոշում է կայացրել նրան բերման ենթարկելու մասին:

Նշենք, որ 10 մարդու կյանք խլած 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործով Քոչարյանն ու նրա երեք բարձրաստիճան ենթակաները չորս տարի առաջ արդարացվել են: Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով երեք տարի դատվում էին նախկին նախագահը, 2008-ին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը, Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը:

Սակայն մեկ տարի առաջ դատախազը միջնորդել էր «մարտի 1»–ի գործով նոր՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով մեղադրանքներ ներկայացնել Քոչարյանին ու մյուսներին։

Եթե նախկինում Ռոբերտ Քոչարյանը և նրա ենթակաները մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով, ապա այժմ արդեն՝ իշխանական լիազորություններն անցնելու հոդվածով, որը մինչև տասը տարվա ազատազրկում է նախատեսում։

Քոչարյանը մեղադրական եզրակացությունը քաղաքական է որակում։ Նախկին նախագահն ավելի վաղ հայտարարել էր, թե իր համար այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչ են իրենից ուզում արդեն 7 տարի:

News.am