Логотип

Դուք հանձնել եք Արցախը, 5000 տղաների մահվան պատճառ եք. քաղաքացու խոսքը հունից հանեց Փաշինյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գլխավորում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը, մայիսի 12-ին բարձր տոնայնությամբ զրույցի է բռնվել մի քաղաքացու հետ Լեռնային Ղարաբաղի թեմայի շուրջ։

«2018 թվականին երբ ձեզ ձերբակալում էին, ես շատ մոտ էի կանգնած և իմ ձեռքը ջարդել էին, ու ես անգամ այդ վիճակում գալիս էի ձեր հետևից , որովհետև հավատում էի ձեզ ու ձեր իշխանությանը և զգում էի, որ այն ժամանակվա իշխանությունները պետք է հեռանան։ Հիմա նույնն էլ ձեզ եմ ասում, սրտանց եմ ասում, որովհետև անհանգստանում եմ Հայաստանի համար։ Դուք հանձնել եք Արցախը, Դուք 5000 տղաների մահվան առաջին պատասխանատուն եք», — հայտարարել է քաղաքացին։

Այս խոսքերը հունիս հանեցին Փաշինյանին։ «Էդ 5000 թիվը որտեղի՞ց։ Մենք թիվ չենք հրապարակել։ Դուք այդ ստահակների (նկատի ունի ընդդիմադիրներին – խմբ.) բառապաշարն եք վերցրել։ Ձեզ քի՞չ է հա էդ զոհերի թիվը, մի հատ էլ 5000 թիվը։ Էդ զոհողությունների արդյունքում մենք պետություն ու անկախություն ենք ստացել։ Եվ այն, որ դուք եկել եք ու վարչապետի դիմաց դա ասում եք՝ դա նշանակում է, որ մենք պետություն ունենք, անկախություն ու ժողովրդավարություն։ Որովհետև եթե 15 տարի առաջ ասեիք, հիմա զուգարանում Ձեզ զխկելով սպանում էին։», – նշել է Փաշինյանը։ Դրանից հետո նա հիշեցրել է, որ քաղաքացիներն իրավունք ունեն գնալ ընտրատեղամաս, արտահայտել իրենց դիրքորոշումը և քվեարկել այնպես, ինչպես ցանկանում են։ «Էդ 5000 թիվը մի ասեք։ Դուք կարող եք գնալ ընտրատեղամաս և քվեարկել այնպես ոնց ուզում եք։ Եթե ​​ժողովուրդը որոշի, որ ես պետք է հեռանամ, ես խոնարհաբար կհեռանամ։ Մայիսի 28-ին դուք կտեսնեք, թե ինչպիսին է բանակը, ինչ զենք ունի», – հավելել է Փաշինյանը։

Քաղաքացին պատասխանեց, որ հարցեր ունի Արցախի կորստի և զոհերի վերաբերյալ։ Ի պատասխան՝ Փաշինյանը կրկնել է, որ «ղարաբաղյան շարժումը թակարդ էր»։

Ի պատասխան՝ քաղաքացին նրան հիշեցրեց Ստեփանակերտի 44-օրյա պատերազմից առաջ իր ասած խոսքերը և 2021 թվականի նախընտրական խոստումը՝ Լեռնային Ղարաբաղը ապաօկուպացնելու մասին։

«Գիտե՞ք, թե ինչու ասացի, որ Արցախը՝ Հայաստան է և վերջ։ Ապա էդ շարժումը ինչի՞ համար էր։ Ղարաբաղում ժողովուրդը չի ապրել։ Նրանք եղել են Քոչարյանասերժական կլանի պատանդը։ Նրանք Ղարաբաղն օգտագործել են որպես պատրվակ՝ Հայաստանում իշխանությունը պահպանելու համար։ Ղարաբաղցիները հիմա կապրեն, և նրանք կապրեն Հայաստանում, որտեղ կունենան տուն, խաղաղություն, աշխատանք և սոցիալական ապահովություն։ Մենք ի սկզբանե ենք կորցրել Ղարաբաղը, մենք արդեն կորցնում էինք Հայաստանը, և երբ ես դա հասկացա, իմ խնդիրն էր պահել Հայաստանը և զարգացնել այն որպես պետություն։

Այսօր Հայաստանը միջազգային ասպարեզում վայելում է այնպիսի հեղինակություն, որը երբեք չի ունեցել իր պատմության մեջ։ «Մեզ թակարդը գցեց ղարաբաղյան շարժումը՝ սա օգտագործելով որպես պատրվակ՝ թոշակներն ու աշխատավարձերը չբարձրացնելու և զինվորներին թալանելու համար», – վստահեցրել է Նիկոլ Փաշինյանը։

News.am