Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) 2022-2026 թվականներին Հայաստանում 400 մլն դոլարի նախագծեր է ֆինանսավորել։ Եվրասիական զարգացման բանկի տարեկան ժողովի և գործարար համաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարի խոսքով՝ վերջին երկու տասնամյակների ընթացքում բանկն ապացուցել է, որ ոչ միայն ֆինանսական ինստիտուտ է, այլև երկրի համար համակարգ ձևավորող ռազմավարական գործընկեր։ 2022-2026 թվականներին ԵԱԶԲ–ի ռազմավարության իրականացման ընթացքում ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել։
«Հայաստանում արդեն մոտ 400 մլն դոլարի նախագծեր են ֆինանսավորվել, գործարկվել են կարևորագույն նախաձեռնություններ էներգետիկայի, ագրոարդյունաբերության ոլորտներում և իրական հատվածում, նոր աշխատատեղեր են ստեղծվել։ Բանկն ակտիվորեն աջակցում է պետական-մասնավոր գործընկերության ինստիտուտի զարգացմանը։ Կարծում եմ` բանկը ֆինանսավորում է Հայաստանում ամենահետաքրքիր նախագծերը», – ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ տնտեսության և միջազգային բանկերի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է ապահովել հիմնական ֆինանսական ցուցանիշների կայունությունը։ Իսկ վերջին հինգ տարում Հայաստանի տնտեսությունը զարգացման տպավորիչ տեմպեր է գրանցել՝ միջինում տարեկան 7.9%։
«Միջնաժամկետ հեռանկարում կանխատեսում ենք տարեկան 5.4-5.6% կայուն աճ, ինչը լիովին համապատասխանում է մեր տնտեսության ներկայիս ներուժին», – ասաց Հովհաննիսյանը։
Նա միևնույն ժամանակ ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը խստորեն հետևում է մակրոտնտեսական կայունության և պարտքի կայունության սկզբունքներին։ 2025 թվականին բյուջեի դեֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի 3.7%-ը, իսկ վերջին հինգ տարիների ընթացքում՝ միջինում 3.2%` չնայած համաշխարհային տնտեսության տատանումների և տարածաշրջանային աշխարհաքաղաքական անկայունությանը։
«Պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը նվազել է մինչև 47.2%: Սա, մեր երկրի հարկային կանոնների համաձայն, գտնվում է բացարձակ անվտանգ գոտում և մեզ անհրաժեշտ հարկային մանևրի հնարավորություն է տալիս կապիտալ ծախսերը ֆինանսավորելու համար, որոնք, ի դեպ, 2025 թվականին հասել են ՀՆԱ-ի 6.2%-ի: Միջնաժամկետ հեռանկարում մենք նախատեսում ենք համակարգված կերպով կրճատել դեֆիցիտը մինչև 2.8% 2028 թվականին՝ պարտքը պահելով 50%-ից ցածր մակարդակում», – նշեց Հովհաննիսյանը:
Ֆինանսների նախարարը կարծում է, որ այս մակրոտնտեսական հիմքը Հայաստանին հնարավորություն է տալիս սկզբունքային փոփոխություն կատարել՝ հեռանալով չմշակված հումքի արտահանման մոդելից: Անվերապահ առաջնահերթությունը բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի արտադրության ու բարդ գիտելիքահեն ծառայությունների տնտեսությունն է:
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանություններն աշխատում են տնտեսական աճի որակական վերափոխման ուղղությամբ, ինչը ենթադրում է տնտեսության կառուցվածքի խոր դիվերսիֆիկացում, բարձր տեխնոլոգիական ճյուղերի զարգացում և երկրի ընդհանուր տնտեսական ինքնաբավության ամրապնդում:
Հայաստանի նոր կառավարության մեկ այլ, ոչ պակաս կարևոր ծրագիրը հինգ արդյունաբերական գոտիների գործարկումն է երկրի տարբեր շրջաններում, որտեղ ԽՍՀՄ տարիներից ի վեր կան բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները։
Ինչպես նշեց Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը, Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի առևտուրը կայուն աճում է։ Վերջին հինգ տարիների ընթացքում դրա ծավալը եռապատկվել է՝ հասնելով 8 մլրդ դոլարի։
«Սա ցույց է տալիս, որ եվրասիական կապը Հայաստանի համար վերացական թեմա չէ, այլ առևտրի զարգացման և նոր հնարավորությունների իրացման գործոն», – ասաց է Պոդգուզովը։
Նրա խոսքով` Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) փոխադարձ ներդրումների մոնիտորինգի տվյալների համաձայն՝ Հայաստանը նաև առաջատար է Եվրասիական տարածաշրջանի երկրներից օտարերկրյա ներդրումների ներգրավման տեմպերով։ 2020-2025 թվականների ընթացքում դրանց ծավալն աճել է 78%-ով, ինչը հինգ անգամ ավելի արագ է, քան տարածաշրջանային միջին ցուցանիշը։ Այս դինամիկայում կա նաև Եվրասիական բանկի գործնական ներդրումը։
Նա հաստատեց, որ վերջին չորսուկես տարիների ընթացքում բանկի ներդրումները Հայաստանում կազմել են 380 մլն դոլար։ Սա 30%-ով շատ է, քան բանկի հնգամյա ռազմավարական ներդրումային նպատակը երկրում։ Պոդգուզովը կարծում է, որ այս ամենը ցույց է տալիս, թե ինչպես է ներդրումների և զարգացման ինստիտուտների աշխատանքի փոխկապակցվածությունը վերածվում երկրի համար կոնկրետ հնարավորությունների։
ԵԱԶԲ-ն միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է ծավալում եվրասիական տարածքում։ Կազմակերպության անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։
Sputnik Արմենիա
