Եվրոպական երկրները պատուհասած անոմալ շոգը մարդու գործունեությամբ պայմանավորված կլիմայական փոփոխությունների հետևանք է։ Այսպիսի եզրահանգման են եկել «World Weather Attribution» միջազգային խմբի գիտնականները, որոնք վերլուծել են եվրոպական մի քանի երկրների ջերմաստիճանային տատանումները, հայտնում է «The Guardian»-ը։
Հետազոտությունը ցույց է տվել, որ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 5-12 աստիճանով (ըստ Ցելսիուսի)։
Բացի այդ, գիտնականները վերլուծել են եվրոպական 854 քաղաքներում տիրող իրավիճակը և եկել այն եզրակացության, որ դրանց 45%-ում հունիս ամսվա համար ջերմային ծանրաբեռնվածության ռեկորդներն արդեն գերազանցվել են կամ դեռ կգերազանցվեն։
Գնահատման համար օգտագործվել է խոնավ ջերմաչափի ջերմաստիճանի ցուցանիշը (Wet Bulb Globe Temperature, WBGT), որը համարվում է մարդու համար շոգի վտանգավորության ամենաճշգրիտ հայտանիշներից մեկը: Ի տարբերություն օդի սովորական ջերմաստիճանի՝ այն հաշվի է առնում միանգամից մի քանի գործոն՝ ջերմությունը, խոնավությունը, քամու արագությունը և արևային ճառագայթման ինտենսիվությունը: Դա թույլ է տալիս գնահատել այն իրական ջերմային ծանրաբեռնվածությունը, որն օրգանիզմը կրում է բացօթյա տարածքում գտնվելիս։
Հետազոտողների խոսքով՝ ստացված արդյունքները վկայում են այն մասին, որ շոգի ներկայիս ալիքը դուրս է գալիս կլիմայական բնական փոփոխականության սահմաններից և արտացոլում է գլոբալ տաքացման ուժգնացող ազդեցությունը Եվրոպայի եղանակային պայմանների վրա։
News.am
