Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին մեղադրել է երեսպաշտության մեջ:
Հունիսի 30–ին Կալասը, հանդիպելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, X սոցցանցում գրել էր, որ Թուրքիան Եվրամիության առանցքային գործընկերն է անվտանգության, միգրացիայի և էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև հանդիսանում է ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկիր: Կալասը նշել էր, որ Անկարան զգալի ներդրում ունի ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանության գործում: Նա նշել էր՝ հաճելի էր Էրդողանի հետ խոսել ԵՄ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների հետագա ամրապնդման վերաբերյալ: Կողմերը քննարկել էին նաև Ուկրաինայի հակամարտությունը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Իսրայելի արտգործնախարարը կտրուկ քննադատել է եվրոպական դիվանագիտության ղեկավարի հայտարարությունը՝ այն անվանելով «երեսպաշտության վարպետության դաս»: Նա հիշեցրել է մարդու իրավունքների կոպիտ խախտումների, ընդդիմադիրների հետապնդումների, Թուրքիայում խաղաղ ցույցերի ընթացքում զանգվածային ձերբակալությունների մասին։
«Այստեղ ոչ մի խոսք չկա Թուրքիայում ընդամենը մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին, երբ թուրքական դատարանը պաշտոնից հեռացրեց գլխավոր ընդդիմադիր կուսակցության նորընտիր առաջնորդին, ուժի կիրառման և խաղաղ ցուցարարների զանգվածային ձերբակալությունների մասին, ճաղերի հետևում գտնվող՝ Էրդողանի գլխավոր մրցակցի մասին, ընդդիմադիր քաղաքապետների ձերբակալությունների մասին, լրագրողների նկատմամբ դատարանների օգնությամբ աճող սահմանափակումների մասին… Երեսպաշտության վարպետության դաս», – հայտարարել է Սաարը` X սոցցանցում վերահրապարակելով Կալասի հայտարարությունը։
Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Իսրայելի իշխանությունները պարբերաբար հանդես են գալիս փոխադարձ մեղադրանքներով՝ միմյանց համարելով անվտանգության սպառնալիք:
Sputnik Արմենիա
