Ճապոնիայի հարավում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով առնվազն 100 մարդ է տուժել, գրում է The Guardian-ը։
Իշխանությունները հայտնել են շենքերի ավերածությունների, էլեկտրամատակարարման խափանումների և հրդեհների մասին։ Aeon Mall Kumamoto առևտրի կենտրոնում, գազի արտահոսքի հետևանքով ենթադրաբար առաջացած պայթյունից հետո, հնարավոր է՝ մարդիկ մնացած լինեն փլատակների տակ։
Երկրաշարժը տեղի է ունեցել երեքշաբթի օրվա երկրորդ կեսին՝ Կյուսյու կղզու Կումամոտո պրեֆեկտուրայում։ Ստորգետնյա ցնցումները հանգեցրել են տասնյակ հազարավոր տներում էլեկտրաէներգիայի անջատման, ճանապարհների, կամուրջների և շենքերի վնասման։
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հայտարարել է, որ իշխանությունները շարունակում են գնահատել աղետի հետևանքների ծավալը։
«Մենք արդեն տեղեկություններ ենք ստացել տուժածների մասին։ Որոշ շրջաններում տեղի են ունեցել էլեկտրամատակարարման խափանումներ և հրդեհներ, ինչպես նաև կան ճանապարհների, կամուրջների վնասումներ և շենքերի փլուզումներ։ Ես բոլորին խնդրում եմ միջոցներ ձեռնարկել սեփական անվտանգության համար, այդ թվում՝ տարհանվել անվտանգ վայրեր», – ասել է երկրի վարչապետը։
Ճապոնիայի արտակարգ իրավիճակների գործակալության տվյալներով՝ մոտ 300 հազար մարդու խորհուրդ է տրվել կամ կարգադրվել տարհանվել ժամանակավոր տեղավորման կենտրոններ։
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը նախազգուշացրել է, որ երկրաշարժից հետո մեկ շաբաթվա ընթացքում պահպանվում է նոր ուժեղ ցնցումների և սողանքների վտանգը։ Հիմնական հարվածից հետո գրանցվել է ավելի քան 60 հետցնցում՝ 1-4 մագնիտուդ ուժգնությամբ։ Ցունամիի նախազգուշացումը, որը հայտարարվել էր երկրաշարժից անմիջապես հետո, մոտ երկու ժամ անց չեղարկվել է։
Տներից մեկի փլուզման հետևանքով մեկ մարդ զոհվել է։ NHK հեռուստաալիքի տվյալներով՝ երկու հիվանդանոցներից յուրաքանչյուրը հայտնել է ավելի քան 50 տուժածի մասին, որոնցից մոտ 10-ը գտնվում են ծանր վիճակում։
Ամենամեծ մտահոգությունը առաջացրել է Aeon Mall Kumamoto առևտրի կենտրոնում տեղի ունեցած միջադեպը։ Երկրաշարժից հետո այնտեղ պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով շենքի մի մասը լուրջ վնասներ է ստացել։ Փրկարարները սկսել են փլատակների տակ մարդկանց որոնումները։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ներսում կարող էին մնացած լինել մի քանի տասնյակ աշխատակիցներ, իսկ որոշ մարդիկ, ենթադրաբար, զոհվել են։
Առևտրի կենտրոնի ներկայացուցիչը հայտնել է, որ առաջին ցնցումներից հետո այցելուներն ու աշխատակիցները տարհանվել են, իսկ պայթյունի պատճառը դեռ պարզվում է։ Ավելի ուշ կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ շենքում կարող էր գազի արտահոսք տեղի ունենալ, սակայն դրա կապը պայթյունի հետ դեռ չի հաստատվել։
Դեպքի վայրից կադրերը ցույց են տալիս շենքի ավերված հատվածը․ արտաքին կառուցվածքները պոկվել են, երևում են մետաղական գերաններ, իսկ առևտրի կենտրոնի մոտ աշխատում են հրշեջներն ու փրկարար ծառայությունները։
Հաղորդվում է նաև Nippon Paper Industries գործարանում վնասների մասին, որտեղ փլուզվել է ծխնելույզը։ Երկրաշարժի ընթացքում արագընթաց գնացքում մի քանի մարդ վնասվածքներ է ստացել։ TSMC, Sony և Fujifilm ընկերությունները տարհանել են իրենց աշխատակիցներին տարածաշրջանում գտնվող ձեռնարկություններից։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կումամոտո քաղաքից մոտ 20 կիլոմետր հարավ։ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը ցնցումների ինտենսիվությունը գնահատել է 7 բալ՝ ըստ ճապոնական սեյսմիկ ինտենսիվության սանդղակի, ինչը առավելագույն մակարդակն է։
Տարածաշրջանում արդեն իսկ ենթակառուցվածքային խափանումներ են եղել․ մոտ 48 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության, JR Kyushu երկաթուղային օպերատորը դադարեցրել է գնացքների երթևեկությունը, ներառյալ արագընթաց կազմերը, իսկ Կումամոտոյի օդանավակայանը ժամանակավորապես փակել է թռիչքուղին։
Կյուսյուն Ճապոնիայի առավել սեյսմիկ ակտիվ տարածաշրջաններից մեկն է։ Տասը տարի առաջ՝ 2016 թվականին, Կումամոտոյում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որի հետևանքով զոհվեց 275 մարդ, իսկ ավելի քան 2700-ը վիրավորվեցին։ Այն ժամանակ լրջորեն վնասվել էին տասնյակ հազարավոր շենքեր, ներառյալ՝ պատմական Կումամոտո ամրոցը։
News.am
