Գարեգին Երկրորդի և Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի 6 անդամի պաշտպանական թիմը պատրաստվում է օրենքի շրջանակում բոլոր հնարավոր եղանակներով պայքարել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը։
Ավելի վաղ datalex.am հարթակից տեղեկացանք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի 6 անդամի դեմ գործով մեղադրական եզրակացությունը դատախազը հաստատել է։ Այն արդեն ուղարկվել է դատարան։ Վարույթը հարուցվել էր դեռևս փետրվարին և կապված էր Արման Սարոյանի (նախկինում Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) վերաբերյալ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հետ:
«Մենք օրենքի սահմաններում բոլոր եղանակներով պաշտպանություն ենք իրականացնելու։ Սա ակնհայտ ապօրինի մեղադրանք է։ Պետությունն իր ողջ գործիքակազմով միջամտում է եկեղեցու ներքին կյանքին, որի իրավասությունը չունի ո՛չ օրենսդրությամբ, ո՛չ էլ Սահմանադրությամբ։ Ապավինում ենք դատարանի օրինական որոշմանը, որպեսզի այս ապօրինությունը ի վերջո հանգուցալուծվի, ու հօգուտ այն անձանց, ովքեր հանիրավի հետապնդվում են։ Որևէ իշխանության օրոք այսպիսի միջամտություն չի եղել, այն էլ ապօրինի քրեական հետապնդումներ հարուցելու եղանակով։ Սա բացառիկ և խիստ պարսավելի երևույթ է»,– նշեց Ֆանյանը։
Նա ընդգծեց, որ արդարացման դեպքում Քրեական դատավարության օրենսգրքում կա ռեաբիլիտացիայի ինստիտուտ, ու իրենք արդեն արդարացման հիմքեր ստեղծելուն ուղղված քայլեր արել են։ Շեշտեց` բոլոր առանցքային որոշումները բողոքարկված են ու դրանց մեծ մասով դրական արդյունքներ են արձանագրվել։
Ֆանյանի խոսքով` այդ դրական արդյունքները դատաքննության ընթացքում ուղղվելու են հոգևորականների արդարացմանը, իսկ ռեաբիլիտացիայի ինստիտուտն էլ իրավունքների վերականգնման հնարավորություն է տալու։
Փաստաբանը հիշեցրեց, որ քրեական հետապնդման ժամկետներն արդեն սպառված են, ու եպիսկոպոսների արդարացման հիմքերից մեկը հենց դա է. նրանց նկատմամբ հետապնդումը պետք է դադարեցվի։
Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է Ամենայն հայոց կաթողիկոսի ելքը Հայաստանից:
