Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է։ Նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Սվետլանա Մկրտչյանից։
Գործի հանգամանքների մասին մանրամասներ Մկրտչյանը չհայտնեց՝ նախաքննական գաղտնիքի ռեժիմով պայմանավորված։
Ինչ վերաբերում է խուզարկությանը, ապա իրավապահներն առգրավել են Երվանդ Բոզոյանի հեռախոսը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր վաղ առավոտյան խուզարկություններ են իրականացվել քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում։ Խուզարկություններից հետո Բոզոյանը հրավիրվել է ՔԿ՝ հարցաքննության։ Քննչական կոմիտեն առայժմ չի մեկնաբանում, թե ինչ քրեական վարույթի մասին է խոսքը։ Նշենք, որ, ըստ շրջանառվող լուրերի, գործողություններն իրականացվել են Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ գործով։
