Ռուսաստանի փրկարար ծառայությունների ներկայացուցիչները ժամանել են Հայաստան՝ հայ գործընկերների հետ փորձի փոխանակման նպատակով: Ինչպես հայտնում է Երևանում Մոսկվայի տան մամուլի ծառայությունը, մայրաքաղաքում կայացած հանդիպումից հետո վաղը նրանք կայցելեն Սպիտակ և Գյումրի:
Ավելի վաղ Երևանի Մոսկվայի տան հարթակում բացվել էր «Սպիտակի երկրաշարժը. ողբերգություն, որը միավորեց ժողովուրդներին» խորագրով առաջին համաժողովը՝ Ռուսաստանի և Հայաստանի փրկարար ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Համաժողովի ընթացքում մասնակիցները պատմել են իրենց աշխատանքի մասին, ներկայացրել մշակումներն ու կուտակված փորձը, քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները:
«Խորհրդանշական է, որ այս հանդիպումն անցկացվում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 81-րդ տարեդարձի տոնակատարության օրերին, հաղթանակի, որը միավորում է մեր ժողովուրդներին մեր հայրերի ու պապերի սխրանքի նկատմամբ ընդհանուր հիշողությամբ և հարգանքով: Դժվար է գերագնահատել այսօրվա միջոցառման նշանակությունը. սա կարևոր հարթակ է մեր երկրների փրկարար ծառայությունների ներկայացուցիչների փորձի փոխանակման համար, որոնք այս ոլորտում փոխգործակցության հարուստ պատմություն ունեն»,- ասել է Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իգոր Տկաչը:
Նա նաև ընդգծել է նմանատիպ համաժողովների կարևորությունը գործնական և հումանիտար կապերի ամրապնդման, Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան կառույցների միջև կայուն երկխոսության ձևավորման տեսանկյունից:
Երևանում Մոսկվայի տան տնօրեն Հայկ Մելիքյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ այս համաժողովը օգուտ կբերի, քանի որ այսօրվա իրողություններում արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման խնդիրները, ինչպես նաև մարդկանց անվտանգության ապահովման հետ կապված այլ հարցեր խիստ արդիական են:
Համաժողովը կտևի մինչև մայիսի 14-ը։ Մասնակիցները կայցելեն Գյումրի և Սպիտակ, որտեղ ծաղիկներ կխոնարհեն Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների մոտ:
Համաժողովը կազմակերպել են Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտը, Մոսկվայի հայրենակիցների տունը և Երևանում Մոսկվայի տունը: Դրան մասնակցում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության փոխտնօրեն Արսեն Մկրտչյանը, Մոսկվա քաղաքի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և հրդեհային անվտանգության հարցերով դեպարտամենտի հարավարևելյան վարչական շրջանի վարչության պետ Գերման Դոբրյակովը, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Արմեն Օհանյանը, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Եկատերինա Անդրեևան, «Էրեբունի» ռուսական ավիաբազայի ներկայացուցիչներ և այլք:
Sputnik Արմենիա
