Логотип

Զախարովա․ Հայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից՝ անդամավճարների պատճառով

Հայաստանին կարող են զրկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից՝ անդամավճարները չվճարելու պատճառով, մինչև պարտքերի լրիվ մարումը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ պետության նկատմամբ կարող են միջոցներ ձեռնարկվել, եթե այն չի կատարում իր պարտավորությունները, մասնավորապես, եթե այն երկու տարվա ընթացքում պարտք ունի բյուջեի նկատմամբ, այդ թվում՝ այդ պետության քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքի կասեցում, ինչպես նաև աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից զրկում մինչև պարտքերի լրիվ մարումը», – ասել է Զախարովան։

Հունիսի 10-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանի կողմից անդամավճարը չվճարելու պատճառով ՀԱՊԿ-ը կքննարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածը կիրառելու հարցը, որով կարգավորվում են իր պարտավորությունները չկատարող անդամ երկրների նկատմամբ գործողությունները:

ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն` եթե անդամ պետությունները երկու տարվա ընթացքում չեն մարում կազմակերպության նկատմամբ բյուջետային պարտքերը, Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել այդ պետության քաղաքացիների՝ կազմակերպության շրջանակում քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքը և նրանց զրկել կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից, մինչև պարտքերը լրիվ մարվեն։

Բացի այդ, կանոնադրության 20-րդ հոդվածը սահմանում է, որ եթե անդամ պետությունը չի կատարում կանոնադրության դրույթները, խորհրդի և այլ մարմինների ընդունած որոշումները, Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել մասնակցությունը կազմակերպության մարմինների գործունեությանը կամ հեռացնել նրան։ Այդպիսի անդամ պետության վերաբերյալ որոշումները կայացվում են առանց նրա ձայնը հաշվի առնելու։

Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականի հունվարի 1-ից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Այս տարվա ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չի նախատեսում ակտիվացնել իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։

Ապրիլի 1-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գնահատականներ են փոխանակել Երևանի և ՀԱՊԿ-ի միջև հարաբերությունների վերաբերյալ։

Պուտինը հայտարարել է, որ կազմակերպության նկատմամբ Հայաստանի պահանջների հարցում «պետք է վերջակետ դրվի» և այն չվերածվի ներքաղաքական թեմայի ընտրությունների ֆոնին։ Նրա խոսքով` 2022 թվականին Երևանի կողմից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո ՀԱՊԿ-ի միջամտությունն այդ գործընթացին ճիշտ չէր լինի։

Ի պատասխան՝ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը փաստացի կասեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ միջոցառումներին, «քանի որ իշխանությունները չեն կարող հանրությանը բացատրել, թե ինչու կազմակերպությունը չի արձագանքել 2022 թվականի իրադարձություններին՝ իր պարտավորությունների համաձայն»։

Sputnik Արմենիա