Логотип

Զեղծարարության զոհ դարձած քաղաքացիները պահանջում են ՔԿ նախագահի հրաժարականը

Ֆինանսական խարդախությունների զոհ դարձած քաղաքացիները կրկին բողոքի ակցիա են անում ՀՀ քննչական կոմիտեի շենքի մոտ` պահանջելով ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի հրաժարականը։ Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ խարդախության գործերով որևէ շոշափելի տեղաշարժ չկա, և տուժած անձանց կորցրած գումարները չեն վերադարձվում։ Նրանք ՔԿ–ի մոտ են եկել «Օրենքը պետք է պաշտպանի քաղաքացիներին», «Պահանջում ենք Պողոսյանի հրաժարականը» և նմանատիպ գրառումներով պաստառներով։

«Կիբեռհանցագործությունների գործերով զբաղվող իրավապահները մտնում են գրասենյակներ, գետնին են պառկեցնում ինչ–որ մարդկանց, նրանց մոտ հայտնաբերում են բավականին պատկառելի չափերի գումարներ, սակայն այդ ամենը չի տրվում խաբեության զոհերին, այլ ուղղվում է պետական բյուջե։ Մեր վերջին տեղեկություններով՝ մեկ դեպքով հայտնաբերվել է 30 միլիոն դրամ, դրանից առաջ՝ 670 միլիոն դրամ, սակայն այդ միջոցները տուժողներին չեն փոխանցվում»,– լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրային վերահսկողություն» կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը։

Նա շեշտեց, որ իրավապահները ձախողել են կիբեռհանցագործությունների և ներդրումային խարդախությունների դեմ պայքարը։

«Իրական աշխատանքներ այս ուղղությամբ չեն տարվում։ Քաղաքացիների գումարները վերադարձնելու համար անհրաժեշտ է պետական մարմինների համապատասխան որոշում, ինչը պետք է նախաձեռնի հենց ՀՀ քննչական կոմիտեի նախագահը։ Ես համաձայն չեմ, որ նա օդորակիչի հովության ներքո նստի, սուրճ խմի ու աշխատավարձ ստանա, իսկ ես պայքարեմ, որ կառավարությունը նման որոշում կայացնի»,– ասաց Կարագյոզյանը։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ գումարների վերադարձի մեխանիզմների վերաբերյալ առաջարկն իրենք պետական 7 տարբեր մարմինների են ուղարկել դեռևս հունիսի 4–ին։

«Առաջարկը հետևյալն է` այդ հայտնաբերված գումարների հաշվին ստեղծել պետական ֆոնդ, որպեսզի տուժող ճանաչված քաղաքացիների իրավունքները վերականգնվեն հենց այդ ֆոնդի միջոցներով։ Շատ խելացի միտք է եղել, որը մինչև հիմա չեն կարողանում մարսել»,– նշեց իրավապաշտպանը։

Հիշեցնենք` զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում ՀՀ կառավարության, նաև տարբեր բանկերի գլխամասային գրասենյակների մոտ։ Նրանց անուններով տարբեր չափերի կեղծ վարկեր են ձևակերպվել, անձնական հաշիվներից գումարի հափշտակություն է արվել և այլն։

Զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները բողոքում են, որ թեպետ քրեական վարույթներ են նախաձեռնված, և պարզ է, որ իրենք զեղծարարության զոհ են, սակայն բանկերը պահանջում են կատարել պարտավորությունները և վճարել ձևակերպված վարկերի դիմաց։ Արդեն կան դեպքեր, որ բանկերը մարդկանցից անշարժ ու շարժական գույքը բռնագանձելու գործընթաց են սկսել, տներ են աճուրդի հանվել։

Քաղաքացիների դժգոհ են նաև քննչական մարմինների աշխատանքից, ասում են՝ կատարվող գործողությունները դանդաղ են և ոչ արդյունավետ։

Sputnik Արմենիա