Երբ պետությունը դառնում է ընտրական պայքարի մասնակից, ընտրություններն այլևս հավասար չեն լինում։ Այսօր Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննության 2–րդ նիստի ժամանակ բացատրություններ տալու ընթացքում այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներից Էլինար Վարդանյանը։
Նա հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններին ընդդիմությունը մրցում էր ոչ թե իշխանության, այլ ամբողջ պետական ապարատի հետ։
«Դա արդեն մրցակցություն չէ, դա անհավասար պայքար է, որը վտանգավոր է ոչ միայն ընդդիմության, այլև յուրաքանչյուր ընտրողի համար։ Բարձր դատարա՛ն, իրավական պետությունում չի կարող կասկած լինել, որ եթե պետական մարմինն է սխալվել, ապա այդ սխալի հետևանքները չի կարող կրել քաղաքացին։ Տեղամասային հանձնաժողովի գործողությունների հետևանքները 2 ընտրատեղամասում առաջացրել են խնդիր։ Դրա համար պատասխանատու չէ ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ էլ ավելի քան 58 հազար քաղաքացիները, որոնք իրենց ձայնը տվել են մեզ։ Այդ քաղաքացիները կատարել են օրենքի պահանջները, սակայն հենց նրանք են զրկվել իրենց ձայնի սահմանադրական արժեքից»,– ասաց Վարդանյանը։
Էլինար Վարդանյանը հայտարարեց, որ իշխանությունը քարոզչության ամբողջ ընթացքում վարչական ռեսուրսը կիրառել է լայն գործիքակազմով։
«Նախընտրական քարոզարշավի ընթացքում պետական իշխանության ամենաբարձր պաշտոնը զբաղեցնող անձի կողմից բռնության, հաշվեհարդարի, սեփականության բռնագրավման, քրեական հետապնդումների մասին սպառնալիքները, ատելության խոսքը, պետական սոցիալական ծրագրերի քաղաքականացումը, հանրային հեռարձակողի անհավասարակշիռ վարքագիծը, ընտրական մարմինների անգործությունը, ընդդիմության նկատմամբ հետապնդումները, բազմաթիվ ձերբակալություններն ու կալանքները, ԿԸՀ որոշումները, որոնց արդյունքում հազարավոր քաղաքացիներ զրկվեցին իրենց ձայնը կրկին արտահայտելու հնարավորությունից՝ սրանք առանձին դեպքեր չեն, այլ մեկ համակարգ է, որը ցույց է տալիս, թե ինչպես պետությունը դարձավ քաղաքական պայքարի անմիջական մասնակից»,– ընդգծեց Էլինար Վարդանյանը։
Հավելենք` ԲՀԿ ներկայացուցիչները հայտարարեցին, որ քվեաթերթիկների համար նախատեսված ծրաարները թափացիկ էին, և այդ հարցով ՍԴ–ում միջնորդություն ներկայացրին։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին, ժամը 11-ին։ ՍԴ–ն գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։
Sputnik Արմենիա
