Логотип

Էրդողանը 2028 թվականին կկարողանա երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կկարողանա 2028 թվականի ընտրություններին երրորդ անգամ անընդմեջ առաջադրել իր թեկնածությունը։ Դա հնարավոր կլինի սահմանադրությամբ սահմանված բացառիկության կարգով։ Այս մասին «Anadolu» գործակալությանը հայտնել է Թուրքիայի ղեկավարի գլխավոր խորհրդական, նախագահի աշխատակազմի իրավական քաղաքականության խորհրդի փոխնախագահ Մեհմեդ Ուչումը։

Նա պարզաբանել է, որ խորհրդարանական և նախագահական հերթական ընտրությունների հստակ օրը պետք է համարել 2028 թվականի մայիսի 7-ը, այլ ոչ թե մայիսի 14-ը, ինչպես պնդում են որոշ մեկնաբաններ ու վերլուծաբաններ։ «Ընտրությունները պետք է անցկացվեն նախքան [նախագահի և խորհրդարանի] լիազորությունների հնգամյա ժամկետի լրանալը։ Քանի որ վերջին համապետական ընտրությունները տեղի են ունեցել 2023 թվականի մայիսի 14-ին, հաջորդը կհամընկնի 2028 թվականի մայիսի 14-ին նախորդող կիրակի օրվա հետ։ Այսինքն՝ ընտրությունները կլինեն 2028 թվականի մայիսի 7-ին»,- նշել է Ուչումը։

Նա հիշեցրել է, որ ներկայումս քննարկվում է ընտրություններն ավելի վաղ՝ 2028 թվականի ապրիլի 16-ին անցկացնելու տարբերակը։ «Մեր առաջարկած ապրիլի 16-ի ամսաթիվը քաղաքական կամ սոցիալական իմաստով «արտահերթ ընտրություն» չէ։ Սա պարզապես նախատեսված ընտրությունները երեք շաբաթով առաջ տեղափոխելն է։ Այս որոշումը կայացնում է խորհրդարանը, ընդ որում՝ ոչ թե ընտրություններից երեք շաբաթ առաջ, այլ կարող է ընդունել դեռ 2028 թվականի փետրվարի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում»,- հայտնել է նախագահի խորհրդականը։

Նրա խոսքով՝ այդ դեպքում սահմանադրությունը Էրդողանին, ով արդեն անընդմեջ պաշտոնավարում է օրենքով թույլատրելի առավելագույն երկու ժամկետը, իրավական հնարավորություն է տալիս երրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը։ «Սահմանադրությունը երկու ժամկետի սահմանափակում է դնում նախագահի պաշտոնավարման համար։ Սակայն այս կանոնից կա մեկ բացառություն. եթե խորհրդարանը նոր ընտրություններ անցկացնելու որոշում է կայացնում նախագահի երկրորդ ժամկետի ընթացքում, ապա երկու ժամկետ պաշտոնավարած անձը կարող է թեկնածությունն առաջադրել երրորդ անգամ։ Իրավաբանորեն սա կոչվում է բացառության կարգով թեկնածության առաջադրում։ Այս մասին ուղղակիորեն խոսվում է Սահմանադրության մեջ»,- նշել է նա։

Միևնույն ժամանակ, Ուչումը կոչ է արել ճիշտ ընկալել իրավիճակը, եթե ընտրությունների օրն առաջ տեղափոխվի, և չփորձել դրանում սահմանադրության տեքստի մանիպուլյացիայի փորձեր փնտրել։ Նա նաև հիշեցրել է, որ քվեարկության օրը մի քանի շաբաթով տեղափոխելու պրակտիկան Թուրքիայում նախկինում էլ է կիրառվել, և դա չի նշանակել արտահերթ ընտրությունների անցկացում։ Նրա խոսքով՝ խորհրդարանի նման որոշումը «պարտադիր չէ, որ կապված լինի որևէ բացառիկ հանգամանքի» կամ երկրում ստեղծված արտակարգ իրավիճակի հետ։

«Լիովին հավանական է, որ հաջորդ համապետական ընտրությունները կայանան 2028 թվականի նախատեսված ժամկետներում, բայց պարզապես տեղափոխվեն մի փոքր ավելի վաղ ամսաթվի։ Այս ընտրությունները մեր նախագահ Էրդողանին հնարավորություն կտան սահմանադրության դրույթի համաձայն՝ վերջին անգամ առաջադրվել այս պաշտոնում»,- ասել է նա։

News.am