«Սա բացահայտ կեղծավորություն է Իսրայելի վարչակազմի կողմից։ Նրանք, ովքեր իրականացրել են 21-րդ դարի ամենադաժան սպանդը՝ անխնա սպանելով տասնյակ հազարավոր անմեղ խաղաղ բնակիչների, այդ թվում՝ նորածինների, կանանց ու տարեցների, այսօր հանդգնում են պատմական իրադարձություններն օգտագործել որպես քաղաքական զենք»։ Այս մասին նշված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Բուրհանեթթին Դուրանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում՝ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ։
«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես այսպես կոչված «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,— ասված է Դուրանի տարածած հաղորդագրության մեջ։
Նրա խոսքով՝ «մարդկության պատմության մեջ մեծագույն հեգնանքն այն է, որ այսօր բարոյական ու պատմական պարտքի մասին խոսում են հենց այն նույն մարդիկ, ովքեր՝ ոտնահարելով միջազգային իրավունքը, անդադար ռմբակոծում են հիվանդանոցներ, դպրոցներ, սրբավայրեր ու գաղթականների ճամբարներ»։
«Նրանք, ովքեր ցեղասպանության մեղադրանքով կանգնած են Միջազգային դատարանի առաջ, բացարձակապես ոչ մի իրավունք չունեն Թուրքիային պատմության դասեր տալու կամ խղճի պահապանի դեր ստանձնելու համար»,— հայտարարել է Դուրանը։
News.am
