Փաստաբան Արամ Օրբելյանը ընթացակարգային է համարել Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալի որոշումը՝ ՀՀ կառավարության միջնորդությունը բավարարելու մասին:
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալն ամբողջությամբ բավարարել վարույթի երկատման Հայաստանի միջնորդությունը` Liormand Holdings Limited ընկերությունը և Կարապետյաններն ընդդեմ Հայաստանի արբիտրաժային գործով: Կարապետյանները չեն բավարարում համապատասխան միջազգային համաձայնագրով ամրագրված «ներդրող» հասկացության պահանջներին։
Օրբելյանի խոսքով՝ միջազգային արբիտրաժում կա բիֆուրկացիայի միջնորդություն (դատական կամ արբիտրաժային վարույթի բաժանում առանձին, հաջորդական փուլերի):
«Ինչ-որ նոր բան, որ տեղի է ունեցել, չեմ տեսնում, այսինքն՝ իրավազորության հարցն ընդունված պրակտիկա է միջազգային ներդրումային արբիտրաժում։ Երբեմն իրավազորությունը կարող է լինել, երբեմն միջանկյալ ընթացակարգերի հետ կապված խնդիրներ կարող են լինել․․․ Սա բովանդակային որոշում չէ, ընթացակարգային է, «սուպերչնսեմացնեմ», այսինքն՝ սա ցույց է տալիս, որ այդտեղ հարց կա, բայց դա մեզ համար նորություն չէր»,- լրագրողների հետ զրույցում նշեց Օրբելյանը։
Հիշեցնենք՝ 2025 թ․ օգոստոսի 11-ին էլ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանն ու նրա ընտանիքը պաշտոնապես միջազգային արբիտրաժային վարույթ նախաձեռնեցին Հայաստանի Հանրապետության դեմ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (ՀԷՑ) սեփականազրկման գործով պատասխանատվության ենթարկելու համար։
Ավելի վաղ Կարապետյանների ընտանիքն իրենց իրավունքների պաշտպանության համար դիմել էր Ստոկհոլմի առևտրի պալատի (SCC) արբիտրաժային ինտիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժին։ 2025 թվականի հուլիսի 22-ին հրատապ արբիտրաժը պարտավորեցրեց Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ նոր օրենքների կիրառումից և ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված որևէ գործողությունից։ 2025 թվականի օգոստոսի 4-ին հրատապ արբիտաժը վերահաստատեց, որ Հայաստանը պետք է անհապաղ կատարի այդ որոշումը։
Այնուամենայնիվ, նոյեմբերի 17-ին ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկեց ՀԷՑ–ի լիցենզիայից։
Sputnik Արմենիա
