ՔՊ-ական պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը, Ալխաս Ղազարյանը և Հասմիկ Հակոբյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագծերի փաթեթ, որով առաջարկում են սահմանել, որ Հայաստանում համապետական ընտրություններին և հանրաքվեներին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող այն անձինք, որոնք ընտրություններին նախորդած մեկ տարվա ընթացքում 6 ամիս, առավել ճգրիտ՝ 183 օր բնակվել են Հայաստանում։
«Ընտրությունները պետք է արտացոլեն այն անձանց կամքը, որոնք իրապես գտնվում են այդ պետության որոշումների ազդեցության տիրույթում: Այս իմաստով, թեև քաղաքացիությունը ելակետային է ժողովրդաիշխանության իրացման համար, սակայն անհրաժեշտ է ապահովել նաև մասնակցային ժողովրդավարության բովանդակային կողմը, այսինքն՝ ընտրողի բավարար կապը պետության հետ:
Ավելին, քաղաքացիությունը չի դրսևորվում միայն որպես իրավական պատկանելություն: Մասնավորապես, քաղաքացիությունը ոչ թե սոսկ իրավական կապ է պետության հետ, այլ նաև՝ պատկանելություն և մասնակցություն այդ պետության քաղաքական կյանքին և իր շահերը շոշափող համապատասխան որոշումների կայացմանը: Հետևապես, այս տեսանկյունից ևս, ժողովրդաիշխանության իրացման առանցքային եղանակներին մասնակցությունն օբյեկտիվորեն առավել արդարացված կարող է լինել այն քաղաքացու համար, ում համար տվյալ պետությունը հանդես է գալիս որպես հիմնական շահերի կենտրոն՝ դրան համապատասխան հետևանքներով հանդերձ. քաղաքացին ոչ միայն մասնակցում է հանրային իշխանության ձևավորմանը, այլև՝ ստանձնում է այդ իշխանության գործունեության հետևանքները կրելու պատրաստակամություն՝ ներգրավվելով այդ իշխանության նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությանը»,- ասված է հիմնավորման մեջ:
Նախագծի հեղինակների ներկայացմամբ՝ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կապահովվի ժողովրդաիշխանության իրացման համակարգային միասնականությունը՝ երաշխավորելով ժողովրդավարական կառավարմանը այն քաղաքացիների մասնակցությունը, որոնց կապը պետության հետ ունի իրական բնույթ և բովանդակություն:
News.am
