Логотип

Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում

Անկարան ակնկալում է, որ Եվրամիությունը Թուրքիայի հետ հարաբերությունները կզարգացնի օբյեկտիվ չափանիշների հիման վրա և առանց խտրական մոտեցումների։ Այդ մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ եվրոպական դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասի և եվրահանձնակատարների հետ բանակցություններից հետո։

«Մենք այսօր մեր երկրում ընդունել ենք ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ տիկին Կայա Կալլասին, ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսին և ներքին գործերի ու միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրուններին։ ԵՄ անդամակցությունը մեր երկրի համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ։ Մենք պատրաստ ենք այս ընկալման հիման վրա զարգացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Ակնկալում ենք, որ ԵՄ-ն նույնպես Թուրքիայի հետ հարաբերությունները կխթանի օբյեկտիվ չափանիշների և արժանիքների հիման վրա և առանց որևէ խտրականության»,- գրել է Ֆիդանը X-ում։

Նա հույս է հայտնել, որ «Եվրահանձնաժողովի երեք կարևոր անդամների համատեղ այցը կարևոր քայլ կդառնա Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունները ցանկալի մակարդակի հասցնելու ճանապարհին»։

Շփումների շրջանակում կողմերը «գնահատել են ընթացիկ տարածաշրջանային և գլոբալ խնդիրների վիճակը, առաջին հերթին՝ Մերձավոր Արևելքում իրավիճակը և ռուս-ուկրաինական» հակամարտությունը։

News.am