Թուրքիան դիտարկում է ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրները երրորդ երկրի վաճառելու հնարավորությունը՝ ամերիկյան գերժամանակակից Ֆ-35 (F-35) կործանիչներ գնելու թույլտվություն ստանալու համար։ Այս մասին հայտնում է Euractiv-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ տարածաշրջանային հետախուզության աշխատակցին: Ըստ աղբյուրի՝ Ս-400-ների գնորդ կարող է դառնալ Հարավային Կորեան: 2017 թվականին ռուսական համալիրների գնումից հետո ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել էր F-35-ների մատակարարման ծրագրից։ Որոշման հիմնավորման մեջ նշվում էր, որ Ս-400-ները կարող են օգտագործվել ամերիկյան ինքնաթիռների թույլ կողմերի մասին տվյալներ հավաքելու համար, ինչն անվտանգության անընդունելի ռիսկեր է ստեղծում։
Աղբյուրը հավելել է, որ F-35-ների վաճառքի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա, սակայն այս հարցում առաջընթաց հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Թուրքիան ազատվի Ս-400-ներից՝ առանց դրանք Ռուսաստանին վերադարձնելու։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արդեն տեղեկացրել է Կոնգրեսին՝ թուրքական նորագույն KAAN կործանիչի համար 613 միլիոն եվրո արժողությամբ ամերիկյան շարժիչների մատակարարումը հաստատելու մտադրության մասին։ Պարբերականի զրուցակցի խոսքով՝ այս գործարքը, ամենայն հավանականությամբ, կկայանա։
Թուրքիային ամերիկյան կործանիչների փոխանցմանը դեմ են Իսրայելն ու Հունաստանը, որոնք կարծում են, որ դա իրենց կզրկի տեխնոլոգիական առավելությունից և կփոխի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։ Հունաստանն արդեն պատվիրել է F-35-ներ, իսկ Իսրայելն օգտագործում է այդ ինքնաթիռի սեփական՝ արդիականացված տարբերակը, որը կիրառվել է Լիբանանի, Սիրիայի և Իրանի օդային տարածքներում իրականացված մարտական գործողություններում։
Հունաստանում Իսրայելի դեսպան Նոամ Կացը մայիսին հայտարարել էր, որ տարածաշրջանում Թուրքիայի «թշնամական» պահվածքը բավարար պատճառ է, որպեսզի ԱՄՆ-ն հրաժարվի նրան F-35 ծրագիր վերադարձնելուց։ ԱՄՆ Կոնգրեսում նույնպես ստորագրահավաք է սկսվել՝ կոչ անելով արգելափակել հնարավոր գործարքը։
Ինքը՝ Թրամփը, անցյալ շաբաթ հայտարարել էր, որ հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում մտադիր է անել «մի բան, որը շատ կուրախացնի Թուրքիային»՝ առանց մանրամասներ բացահայտելու։
Ռուսաստանն ու Թուրքիան Ս-400-ների մատակարարման մասին 2,5 միլիարդ դոլարի պայմանագիրը կնքել էին 2017 թվականին։ Համալիրները փոխանցվել էին 2019-ի ամռանը։ 2024 թվականի օգոստոսին Cumhuriyet թերթը գրել էր, որ գնված Ս-400-ները այդպես էլ մարտական հերթապահության չեն կանգնեցվել, այլ ուղարկվել են պահեստ։
Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուսական ՀՕՊ համակարգերի հարցը քննարկել էին 2025 թվականի սեպտեմբերին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ։ Ամերիկացի առաջնորդն այն ժամանակ հայտարարել էր, որ կարող է թույլ տալ Թուրքիային գնել F-35-ներ՝ նշելով, որ Էրդողանը «պատրաստվում է ինչ-որ բան անել մեզ համար»։
Նույն ամսում Ռուսաստանը Թուրքիային առաջարկել էր հետ գնել նախկինում մատակարարված Ս-400-ները, հայտնել էին Nefes-ի աղբյուրները։ Որպես պատճառ զրուցակիցները նշել էին Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով նման համակարգերի պակասը։
News.am
