Логотип

Ի՞նչ հարցեր են քննարկվում ՍԴ-ում դռնփակ ռեժիմով․ մեկնաբանում է Խուդոյանը

Սահմանադրական դատարանում դռնփակ ռեժիմով քննարկվող հարցերից մեկը վերաբերում է գաղտնի ցուցակով քվեարկողներին։ ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում պարզաբանեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը։

Ինչպես հայտնի է, երեկվանից Սահմանադրական դատարանն անցել է դռնփակ ռեժիմի՝ քննելով ԱԺ ընտրությունների արդյունքների հետ կապված վեճը։

«Նախորդ նիստերի ժամանակ որոշվել էր, որ գաղտնի ինֆորմացիաներ կան, այդ թվում՝ նախաքննական և պետական գաղտնիք պարունակող, նաև գաղտնի ցուցակով քվեարկող ընտրողների վերաբերյալ, հիմնականում զինծառայողներին է վերաբերում խնդիրը, ավելի դետալային չեմ կարող ասել»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։

Նա մեկնաբանեց, թե ինչ կասկածներ ունի դիմումատուն, որ այս հարցը քննարկման առարկա է դարձել։ Ըստ Խուդոյանի` ստուգվել են ԿԸՀ–ի կողմից հրապարակված ստորագրված մատյանները՝ դրանք համադրելով ԿԸՀ-ի հրապարակած արձանագրությունների վերջնական թվի հետ։

Հայտնաբերվել է 27.800 ստորագրության բացակայություն, մինչդեռ ենթադրվում է՝ ինչքան ընտրող եղել է, այնքան ստորագրություն պետք է լինի։ Խուդոյանի խոսքով՝ ԿԸՀ-ն պարզաբանել է, թե այդտեղ են գաղտնի ցուցակով քվեարկողները, զինծառայողները և այլն։ Դիմումատուի համար սա ընդունելի պատճառաբանություն է, սակայն, ըստ Խուդոյանի, նույնիսկ եթե նվազեցվում է այդ թիվը, մոտավորապես 10 հազարի տարբերություն է լինում։

«Իրենք ասում են՝ կա այսքան քվեաթերթիկ, այսքան ընտրող, բայց չկա այդքան ստորագրություն, հետևաբար էդքան ընտրող չի գնացել, բայց էդքան քվեաթերթիկ գոյություն ունի։ Քանի դեռ պարզաբանումներ ներկայացված չեն, թե ինչպես է այդ թիվը ձևավորվում, մենք ընդունում ենք, որ այստեղ կարող է լինել լցոնում»,- նշեց Խուդոյանը։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։

Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին` ժամը 11-ին։ Դատարանը գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։

Sputnik Արմենիա