Логотип

Իշխանությունը շարունակում է սպառնալիքները. ահազանգում է «Միասնության թևերը»

«Միասնության թևեր» կուսակցությունն ահազանգում է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրենց քաղաքական ուժի նկատմամբ ճնշման և վախի մթնոլորտի նոր դրսևորման մասին։ Քաղաքական ուժը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում։

«Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները զանգահարել են «Միասնության թևեր» կուսակցության գրասենյակների սեփականատերերին և պահանջել են ներկայացնել վարձակալության պայմանագրեր, որոնք արդեն ներկայացվել են ԿԸՀ։ Այս գործողությունները սկսվել են Սահմանադրական դատարանում մեր ներկայացրած ուսումնասիրությունից անմիջապես հետո»,– ասված է հաղորդագրությունում։

Ըստ կուսակցության` այդ անձինք, որոնք որևէ իրավախախտում չեն կատարել, հայտնվել են անհասկանալի իրավիճակում։ Շատերը կուսակցությանը փոխանցել են, որ անհանգստացած են, թե ինչու են հայտնվել իրավապահ մարմնի ուշադրության կենտրոնում։

Քաղաքական ուժը պնդում է` իշխանությունը շարունակում է շարժվել վախի և սպառնալիքի քաղաքականության նույն գծով՝ իրավապահ մարմինների միջոցով հոգեբանական ճնշում գործադրելով ոչ միայն քաղաքական ուժերի, այլև օրինական քաղաքացիների նկատմամբ։

«Միասնության թևեր» կուսակցությունը պահանջում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հանրությանը պարզաբանի, թե ինչու է անհրաժեշտ փաստաթղթեր պահանջել քաղաքացիներից: Քաղաքական ուժը նաև ակնկալում է, որ պետական բոլոր մարմինները կգործեն բացառապես օրենքի շրջանակում։

Sputnik Արմենիա