ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը տեսուղերձով խոսել է իր դեմ նախաձեռնված քրեական վարույթի մասին։ Նա նշել է, որ ըստ էության, իրավապահներն իրեն մեղադրում են հայտարարագիր լրացնելու մեջ։
«Իմ բնակարանը խուզարկելուց հետո Քննչական կոմիտեն տարածեց հայտարարություն հետևյալ բովանդակությամբ՝ «արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարք կատարելու և գույքի մասին հայտարարագիր ներկայացնելուց խուսափելու առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ». եթե ամենամեղմ կերպով ձևակերպեմ, այս բովանդակության քննչականի հայտարարությունը իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի։ Ինչո՞ւ, նախ ես արգելանքի տակ գտնվող որևէ գույքի նկատմամբ որևէ գործողություն չեմ արել, և դա փաստ է, այսինքն՝ գույքը արգելանքի տակ դնելուց հետո ես որևէ գործողություն չեմ արել, և Քննչական կոմիտեն որևէ փաստ և որևէ հիմք դրա հետ կապված չունի։ Եվ երկրորդը, ի՞նչ է նշանակում խուսափել է հայտարարագիր ներկայացնելուց։ Ըստ էության, այս գործը հարուցել եք նրա համար, որովհետև ես հայտարարագիր եմ ներկայացրել»,- ընդգծել է Սաղաթելյանը։
Սաղաթելյանը շեշտել է, որ ինքը առաջին անգամը չէ, որ հայտարագրում է իր դրամական միջոցներն ու դրանց գտնվելու վայրը, և, ըստ նրա, եթե Քննչական կոմիտեն իրեն կանչեր հարցաքննության, ապա կստանար այդ հարցերի պատասխանը. «Եվ ըստ էության, ես եմ այդ հայտարարագրով բացահայտել, որ ես ունեմ կանխիկ գումար, ընդ որում տարիներ շարունակ եմ դա հայտարարագրել, ասել եմ դրա գտնվելու վայրը, քանակը, ծագման աղբյուրը, հետևաբար ինձ ոչ թե հայտարարագիր չտալու, այլ հայտարարագիր տալու համար են մեղադրանք առաջադրում։ Այսինքն՝ երկու այն հիմքերը, որի մասին խոսվում է, դրանք իրականության հետ որևէ կապ և առնչություն չունեն։ Ընդ որում, եթե Քննչական կոմիտեն ինձ հրավիրեր հարցաքննության, այս հարցերի պատասխանը ամբողջապես կարող էր ստանալ և ստիպված էր լինելու անմիջապես այս քրեական գործը կառչել, բայց ի՞նչ է արել Քննչական կոմիտեն այս իր հայտարարությամբ, ըստ էության, չհաղթահարելով անձեռնմխելիության արգելքը, մեղադրանք է առաջադրել, և սա ստեղծել է փակուղային իրավիճակ, այլ կարգավիճակով ինձ հրավիրել չէին կարող, կամ դա է պատճառը, որ չեն հրավիրել, կամ եթե հրավիրեին այս հարցերի պատասխանը կստանային, ստիպված այս գործը պետք է կարճեին, հետևաբար այն, ինչի համար ինձ մեղադրում են կամ փորձում են այս քարոզչական հարձակումներով տպավորություն ստեղծել, իրականության հետ և իրավական ընթացքի հետ որևէ կապ չունի, սա ընդամենը հերթական քաղաքական հետապնդումն է իմ և իմ ընտանիքի նկատմամբ»։
Անդրադառնալով լրատվամիջոցներով շրջանառվող այն տեղեկատվությանը, թե խուզարկությամբ իր կնոջ ավտոմեքենայից հայտնաբերվել են զարդեր և դրամական միջոցներ, Սաղաթելյանն ասել է, որ կեղծ է. «Սա ևս հերթական այս խեղկատակների ձեռագիրն է։ Մեքենայի մեջից որևէ բան չեն հայտնաբերել, դրա արձանագրությունները կան, իսկ ոսկյա զարդեր և դրամական միջոցները մեր տան պահարանից պահանջել են մեր ընտանիքին պատկանող ընթացիկ միջոցները և զարդերը առգրավել են, խոսքը սրա մասին է, ի՞նչ մեքենա, ի՞նչ մեքենայի զարդեր, չգիտեմ ինչ, այս հերթական կեղտոտ տեղեկատվական գրոհն է, որ մեր նկատմամբ տեղի է ունենում։
Ես այս ամեն ինչը դիտարկում եմ իբրև հերթական քաղաքական հետապնդումը, իմ և իմ ընտանիքի նկատմամբ կեղտոտ հակաօրինական քայլերն ու գործողությունները և գնում ենք մեր իրավունքները պաշտպանելու ճանապարհով ու ընդամենը ասում, որ այս ճանապարհով, այս միջոցներով որևէ հաջողության չեք հասնելու»։
News.am
