Логотип

Իսկանդարյան․ 2 տարում ընդամենը 15,000 արցախցի է օգտվել բնակապահովման ծրագրից

Երկու տարվա ընթացքում Արցախից բռնի տեղահանվածների միայն մի մասն է կարողացել օգտվել բնակարանային ապահովման ծրագրից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը՝ անդրադառնալով բնակապահովման ծրագրից օգտված արցախցիների թվին։

«Սա վկայում է, որ ծրագիրը բոլոր ընտանիքների համար հավասարապես հասանելի չէ, երբ 2 տարի անց ընդամենը 15.000 արցախցի է օգտվել ծրագրից։ Մենք բազմաթիվ հանդիպումների ընթացքում լսել ենք մարդկանց մտահոգությունները։ Շատերի համար հիմնական խոչընդոտներն են սեփական մասնակցության ֆինանսական բեռը, վարկավորման հնարավորությունների սահմանափակ լինելը, անշարժ գույքի գների աճը և այլն։ Արդյունքում՝ նույնիսկ այն ընտանիքները, որոնք ցանկանում են օգտվել ծրագրից, հաճախ գործնականում չեն կարողանում դա իրականացնել»,- ասաց նա։

Պետնախարարը շեշտեց, որ եթե երկու տարվա ընթացքում շահառուների զգալի մասը չի կարողացել լուծել իր բնակարանային խնդիրը, ապա պետությունը պետք է ուսումնասիրի դրա պատճառները և վերանայի ծրագրի պայմանները։

«Այնպես պետք է արվի, որ յուրաքանչյուր բռնի տեղահանված արցախցի ընտանիք ունենա իր բնակարանային խնդիրը լուծելու իրական հնարավորություն։ Բնակապահովման ծրագիրը պետք է հիմնված լինի մարդու իրական կարիքների և ընտանիքի սոցիալական վիճակի վրա»,- հավելեց նա։

Ն. Իսկանդարյանն ընդգծեց, որ Արցախից բռնի տեղահանվելուց հետո արդեն գրեթե երեք տարի է անցել, սակայն բազմաթիվ արցախցիների համար ապագայի նկատմամբ անորոշությունը դեռևս չի հաղթահարվել։

«Մեր ամենօրյա շփումները ցույց են տալիս, որ մարդկանց մտահոգությունները շարունակում են մնալ նույնը։ Շատ արցախցիներ մեծ ուշադրությամբ հետևում էին նաև Հայաստանի ներքաղաքական գործընթացներին՝ ակնկալելով, որ դրանց արդյունքները կարող են ազդեցություն ունենալ իրենց խնդիրների լուծման վրա, քանի որ այսօր նրանց կյանքի բազմաթիվ հարցեր կախված է ՀՀ-ում իրականացվող պետական քաղաքականությունից։ Ընտրությունների նման ելքից հետո, ցավոք, արտագաղթի միտումներ են նկատվում։ Երբ մարդը երկար ժամանակ ապրում է անորոշության պայմաններում և չի տեսնում իր ու իր ընտանիքի համար կայուն հեռանկար, բնական է, որ սկսում է այլ հնարավորություններ փնտրել։ Եթե մարդիկ տեսնեն, որ պետությունն ունի հստակ, արդար և երկարաժամկետ քաղաքականություն արցախցիների նկատմամբ, ապա շատերն իրենց ապագան կշարունակեն կառուցել Հայաստանում։ Դա պետք է լինի մեր բոլորի ընդհանուր նպատակը»,- մանրամասնեց պետնախարարը։

Անդրադառնալով «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի գործի դետալները ուսումնասիրելու համար հանձնաժողովի աշխատանքների մեկնարկմանը, Ն. Իսկանդարյանը նշեց, որ այս պահին հանձնաժողովը գտնվում է ձևավորման փուլում։

«Հանձնաժողովի ձևավորումից և աշխատանքների մեկնարկից հետո մենք կներկայացնենք ինչպես ընթացքի, այնպես էլ արդյունքների մասին»,- շեշտեց նա։