Իսրայելի ԱԳՆ ղեկավար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Իսրայելի կառավարությանը, իսկ այնուհետև նաև խորհրդարանին կներկայացնի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին բանաձև։
«Իսրայելի կառավարության հաջորդ նիստին ես կներկայացնեմ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման բանաձևի նախագիծը»,-X սոցիալական ցանցում գրել է Սաարը։
Նախարարը նշել է, որ դրանից հետո բանաձևը կներկայացվի Իսրայելի խորհրդարանին (Կնեսետին)։ Սաարի խոսքով՝ ցեղասպանության ճանաչումը բարոյական և պատմական պարտք է, և Իսրայելը պետք է դատապարտի պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նվազեցում կամ խեղաթյուրում։
«Times of Israel» պարբերականի տվյալներով՝ Իսրայելը երկար ժամանակ խուսափում էր Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից, սակայն վերջին տարիներին Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին որոշակի քայլեր է ձեռնարկել այն ճանաչելու ուղղությամբ։
Sputnik Արմենիա
