Логотип

Իրանը հայտարարեց Հորմուզի նեղուցի նկատմամբ լիակատար ռազմավարական վերահսկողության և ԱՄՆ զենքի տարանցման արգելքի մասին

Իրանի բանակը հայտարարել է, որ այլևս թույլ չի տա ամերիկյան սպառազինության տարանցումը Հորմուզի նեղուցով դեպի տարածաշրջանային ռազմաբազաներ՝ հռչակելով, որ այս ռազմավարական ջրային ուղին այժմ գտնվում է իրանական զինված ուժերի «կոորդինացված ռազմավարական վերահսկողության» ներքո:

«Այսուհետ մենք թույլ չենք տա, որ ամերիկյան սպառազինությունն անցնի Հորմուզի նեղուցով և հասնի տարածաշրջանի բազաներին»,- հայտարարել է բանակի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Մոհամմադ Աքրամինիան, հայտնում է Press TV-ն:

Նա նշել է, որ ցանկացած պետություն, որը ցանկանում է օգտվել ջրային ուղուց, պետք է դա անի Իրանի զինված ուժերի հսկողության ներքո՝ ապահովելով «խաղաղ անցում»: Նեղուցի արևմտյան մասը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարության ներքո է, իսկ արևելյանը՝ Իրանի բանակի ռազմածովային ուժերի վերահսկողության տակ:

Աքրամինիան պնդում է, որ նեղուցի նկատմամբ վերահսկողությունը երկրին կբերի եկամուտ, որը «երկու անգամ կգերազանցի նավթի վաճառքից ստացվող եկամուտները»:

Գեներալն ընդգծել է, որ վերջին պատերազմի ընթացքում հակառակորդի բոլոր նպատակները՝ ներառյալ հրթիռային և միջուկային ներուժի ոչնչացումը, երկրի մասնատումը և համակարգի տապալումը, ձախողվել են: Նա հավելել է, որ Իրանի ռազմական դոկտրինն այժմ կրում է հարձակողական բնույթ:

«Առաջին հեղափոխությունից հետո, որը վտարեց շահին, և երկրորդից հետո, որը վտարեց Ամերիկային Իրանից, այսօր մենք Ամերիկային կվտարենք ամբողջ տարածաշրջանից: Նրա ներկայությունն այստեղ ընդմիշտ կվերացվի»,- հայտարարել է Աքրամինիան:

News.am