Թեհրանի ջրամատակարարման և ջրահեռացման ընկերության գլխավոր տնօրեն Ալիրեզա Ջոզե Ղասեմին հայտնել է, որ մայրաքաղաքի բնակիչների ջրի օրական միջին սպառումը նվազել է 25 լիտրով։ Այս մասին հայտնում է «Mehr» լրատվական գործակալությունը։
Այդուհանդերձ, ըստ նրա, ներկայիս ցուցանիշները դեռևս չեն համապատասխանում սահմանված չափանիշներին։
Ղասեմին նշել է, որ մեկ շնչին ընկնող ջրի փաստացի սպառման և սահմանված 130 լիտր նորմայի միջև տարբերությունը կազմում է շուրջ 65 լիտր։ Նա ընդգծել է, որ ջրի սպառման կառավարման խնդիրը դեռևս խիստ հրատապ է և պահանջում է հետագա քայլերի ձեռնարկում, հակառակ դեպքում՝ Թեհրանը կարող է կանգնել ջրային ճգնաժամի առաջ։
Ըստ նրա տվյալների՝ քաղաքում այսպես կոչված «խնայող սպառողների» բաժինը գերազանցել է 40%-ը, ինչը դրական միտում է համարվում, սակայն այս տեմպը դեռ պետք է պահպանել։
Պաշտոնյան նաև հայտնել է, որ թեև այս տարի տեղումների քանակը նախորդ տարվա համեմատ աճել է 18,5%-ով, այնուամենայնիվ, այն 35%-ով ցածր է բազմամյա կլիմայական նորմայից։ Ջրային կայուն հաշվեկշիռ ապահովելու համար Թեհրանին տարեկան անհրաժեշտ է շուրջ 280 մմ տեղումներ, մինչդեռ ներկայիս դեֆիցիտը կազմում է մոտ 100 մմ։
Ընկերությունից ընդգծում են, որ ջրի խնայողությունը շարունակում է մնալ կենսականորեն կարևոր պայման՝ մայրաքաղաքում ջրամատակարարման վիճակի վատթարացումը թույլ չտալու համար։
News.am
