Ադրբեջանի դեմ անհատական հայցերը կարող են ներկայացվել անկախ նրանից՝ Հայաստանի իշխանությունները հետ կկանչեն իրենց հայցերը, թե ոչ։ Այս մասին հունիսի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է իրավաբան Արա Ղազարյանը։
Հիշեցնենք, որ նման քայլը նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրով։ Նա նշել է, որ ներկայացված է 22 հայց, իսկ արցախցիների գույքի հարցով աշխատանքներն ընթանում են ամենօրյա ռեժիմով։ Ղազարյանի խոսքով՝ քանի դեռ չկան նման գործերը կանխող իրավական մեխանիզմներ, միջազգային կառույցների դռները բաց են, իսկ նմանատիպ գործերով վաղեմության ժամկետ գոյություն չունի։
ՄԻԵԴ-ում հայկական կողմի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն իր հերթին նշել է, որ եթե խոսքը իրավական ձևակերպմամբ հայցեր ներկայացնելու մասին է, ապա առանձնակի խնդիրներ չկան։ Սակայն, եթե պաշտոնական մարմինների կողմից քննություն չիրականացվի, դա լուրջ ազդեցություն կունենա փաստաբանների աշխատանքի արդյունավետության վրա, պարզաբանել է Սահակյանը։ Բացի այդ, նա հավելել է, որ ՄԻԵԴ-ը կարող է շարունակել գործերի քննությունը՝ չնայած կողմերի հնարավոր հրաժարմանը։
Իրավաբանը նաև հայտնել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում արձանագրվել է գլխատման 30 դեպք։ Սահակյանն անձամբ համոզված է, որ իրականում դեպքերն ավելի շատ են՝ հաշվի առնելով, որ քննությունը չի եղել նույն որակի, քանի որ իրադարձությունների ծավալները շատ մեծ էին, և հնարավորություն չկար ապահովելու քննության ողջ խորությունը։
Այն հարցին, թե ինչպես կարող է ՄԻԵԴ-ը պարտադրել Ադրբեջանին կատարել վճիռը, Արա Ղազարյանը նշել է, որ Ադրբեջանը, Թուրքիայի և Ուկրաինայի հետ մեկտեղ, ՄԻԵԴ-ի որոշումները չկատարելու ցուցանիշով ռեկորդակիր է։
Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ ՄԻԵԴ-ի որոշմանը Բաքվի արձագանքը ցույց է տալիս, որ այնտեղ ընդունում են սեփական հանցագործությունը։ «Նրանք չեն հերքում այն, այլ վիրավորված են դատարանից նրա համար, որ դատարանն արձանագրել է այդ ժամանակահատվածում Արցախի Հանրապետության գոյությունը։ Հանցագործությունը հերքելու բոլոր փորձերն ապարդյուն են, ինչը հասկանում են նաև Ադրբեջանում»,- նշել է Սահակյանը։
Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի վճիռները չկատարելը դուռ է բացում նոր քաղաքական քննարկումների համար։ Դրան զուգահեռ՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն պետք է միջոցներ ձեռնարկի որոշման կատարումն ապահովելու ուղղությամբ։
News.am
