Այսօր լրացավ ուղիղ 1000 երկար օր այն պահից, երբ հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք գտնվում են Ադրբեջանում ապօրինի կալանքի տակ՝ ենթարկվելով աննկարագրելի ահաբեկման, բռնության և մահապատժի սպառնալիքների։ Ես թույլ չեմ տալիս, որ աշխարհը մոռանա այս բանտարկյալների մասին, ինչպես նաև թույլ չեմ տալիս մոռանալ բնիկ հայերին, որոնք բռնի կերպով վտարվել են Արցախից՝ իրենց պատմական հայրենիքից։ Այս մասին Կապիտոլիումի բլուրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Լորա Ֆրիմենը, որը ներկայացնում է երկրի ամենամեծ հայ-ամերիկյան համայնքը։
Կոնգրեսականը հատկապես ընդգծել է, որ մի քանի տարի առաջ անձամբ այցելել է Լեռնային Ղարաբաղ, ուստի ողբերգության մասշտաբները նրա համար ունեն խորապես անձնական նշանակություն։ Արցախ կատարած այցի ընթացքում նա իր աչքերով տեսել է աներևակայելի ծաղկուն, հնագույն հայկական համայնք և բացառիկ պատմական արտեֆակտներ։
«Ես տեսել եմ եկեղեցիներ, որոնք կառուցվել են դեռևս չորրորդ դարում։ Միտքը, որ այս մարդիկ արմատախիլ են արվել և վտարվել իրենց հայրենիքից, ողբերգական է, իսկ գիտակցումը, որ պատմության այս հուշարձանները՝ կարևորագույն ոչ միայն հայերի, այլև ամբողջ աշխարհի համար, այժմ պղծվում և ավերվում են Բաքվի կողմից՝ մշակութային-էթնիկ զտման շրջանակում, պարզապես կոտրում է իմ սիրտը։ Մնացած աշխարհը չպետք է հանդուրժի սա»,– հայտարարել է Լորա Ֆրիմենը։
Նա հիշեցրել է, որ բազմամսյա պատանդառությունից հետո Ադրբեջանի իշխանությունները անցկացրել են խայտառակ ցուցադրական դատավարություններ՝ Արցախի ղեկավարների և գերիների նկատմամբ կայացնելով խիստ դատավճիռներ։ Ադրբեջանը փորձում է փակել միջազգային հանրության աչքերը իր ոճրագործությունների վրա, սակայն ԱՄՆ-ն և միջազգային գործընկերները հրաժարվում են անտեսել այդ հանցագործությունները։
Քաղաքական գործիչը մանրամասն պատմել է Վաշինգտոնում իրավիճակը փոխելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ Մասնավորապես, նա երկու կուսակցություններից իր գործընկերների հետ միասին պաշտոնական դիմում է հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ պահանջելով ապահովել բռնի տեղահանված հայերի անվտանգ վերադարձը իրենց հայրենիք՝ Արցախ։
Լորա Ֆրիմենը ընդգծել է, որ կշարունակի հետևողականորեն պայքարել Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ խիստ պատժամիջոցներ սահմանելու, Լեռնային Ղարաբաղից փախստականներին տրամադրվող մարդասիրական օգնությունն ավելացնելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանության՝ XX դարի առաջին ցեղասպանության մասին իրազեկվածությունը բարձրացնող կրթական ծրագրեր իրականացնելու համար։ Այս կապակցությամբ նա հանդես է եկել որպես Հայոց ցեղասպանության կրթության մասին դաշնային օրենքի (Armenian Genocide Education Act) համահեղինակ։
«Հայ ժողովուրդը վերապրել է ցեղասպանություն և տեղահանություններ, սակայն դիմացել է և շարունակում է ծաղկել ինչպես Ամերիկայում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Իրական խաղաղությունը չի կարող հաստատվել առանց հաշվետվողականության։ Այն պահանջում է Հայաստանի ինքնիշխանության, ինչպես նաև Արցախի բնիկ բնակչության իրավունքների ու ինքնորոշման բացարձակ հարգանք։ Մենք չենք դադարեցնի պայքարը, քանի դեռ յուրաքանչյուր պատանդ ազատ չի արձակվել»,– ամփոփել է Լորա Ֆրիմենը։
News.am
