Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները խնդիրներ են առաջացրել, բայց տեմպը լավն է։ Երևանի ավագանու գործակարգավարական նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կառույցը հունիսի 17-ից մինչև օգոստոսի 29-ը փակ կլինի երթևեկության համար։
«Տեմպը բավականին լավն է, կարևորը դա պահպանելն է ու մեր նշած ժամկետներում ավարտելը։ Որքան էլ այս աշխատանքներն անհրաժեշտ են ու միտված են անվտանգությանը, այնուամենայնիվ այս աշխատանքները բազմաթիվ խնդիրներ են ստեղծում քաղաքում։ Խցանումները շատացել են։ Մեր վերահսկողությունն աշխատանքի որակի և ժամկետների հետ կապված պետք է շատ ինտենսիվ լինի»,– նշեց Ավինյանը։
Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանն էլ հայտնեց, որ Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների ծրագրով նախատեսվում է իրականացնել երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնում, դեֆորմացիոն կարերի և ջրահեռացման համակարգի նորացում, ջրամեկուսացման աշխատանքներ, կամրջային թռիչքային կառուցվածքների և հենարանների վերականգնում։
Միևնույն ժամանակ Թևոսյանը հայտնեց, որ «Լամբադա» կամրջի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթն արդեն կայացել է։
Ինչ վերաբերում է Ավետիսյան փողոցում կատարվող աշխատանքներին, ապա պաշտոնյան ընդգծեց, որ պլանավորում են 2 օրվա ընթացքում բացել այն։
Ամբողջությամբ եռաշերտ ասֆալտապատում է արվելու. 1-ին և 2-րդ շերտերն արված են, աջ կողմում մայթի լայնացման աշխատանքներն ավարտված են, ստորգետնյա համակարգը կառուցված է։ Այսօրվանից, ըստ Թևոսյանի, պլանավորում են 24 ժամում ավարտին հասցնել ամեն ինչ։ Նա վստահեցրեց նաև, որ դիտահորերը բարձրացված են, կոյուղատար համակարգը վերանորոգված է, հոսանքի լարերն էլ անցկացվում են գետնի տակ։
Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանն էլ խոսեց Պռոշյան–Պարոնյան հատվածի մասին` նշելով, որ այնտեղ 3 նախագիծ է իրականացվում, որոնցից երկուսը` Ջրային կոմիտեի կողմից։
Դեմիրճյան խաչմերուկից դեպի Բաղրամյան հատվածում իրականացվող աշխատանքները, ըստ Կարոյանի, խոստացել են ավարտին հասցնել 1 շաբաթում։ Պարոնյան–Լեո հատվածում նույնպես 7–օրյա ժամկետ է նշված։ Երկու դեպքում էլ պետք է հիմնական խողովակաշարերն այդ ընթացքում անցկացնեն, դրանից հետո արդեն սկսվեն ներբակային միացումները։
Sputnik Արմենիա
