Կոմունիստական կուսակցությունների միության – ԽՄԿԿ Կենտրոնական խորհուրդը խորը մտահոգությամբ ու վրդովմունքով արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները քաղաքական հաշվեհարդարի աննախադեպ ու ցինիկ քայլ են իրականացնում հանրային-քաղաքական հայտնի գործիչ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Այս մասին նշված է ԿԿՄ-ԽՄԿԿ Կենտրոնական խորհրդի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում։
«Այն, ինչ տեսնում ենք վերջին օրերին, դուրս է իրավական բոլոր սահմաններից։ Սա բացահայտ քաղաքական պատժիչ գործողություն է, որի նպատակն է ասպարեզից հեռացնել ազդեցիկ ընդդիմախոսին, վախեցնել ընդդիմությանը և Հայաստանի ժողովրդին զրկել իր ձայնի օրինական իրավունքից։ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը, տասնյակ ձեռնարկություններում իրականացվող մասշտաբային խուզարկությունները, Օլիմպիական կոմիտեի ու մարզական կառույցների աշխատանքի կաթվածահարումը՝ այս ամենը նույն շղթայի օղակներն են։ Այս գործողությունների հետևանքով ոչ միայն ոտնահարվել են մեկ մարդու իրավունքները, այլև հարված է հասցվել երկրի սոցիալ-տնտեսական կայունությանը, ինչի պատճառով հազարավոր մարդիկ հայտնվել են գործազուրկ դառնալու վտանգի առջև։
Առանձնակի վրդովմունք են առաջացնում Ծառուկյանի ընտանիքի և մերձավորների նկատմամբ կիրառվող մեթոդները։ Կատարվածը դիտարկում ենք որպես միջազգային իրավունքի նորմերի և մարդկային տարրական բարոյականության կոպտագույն խախտում։ Գագիկ Ծառուկյանը բիզնեսը, քաղաքականությունն ու սպորտը համախմբող գործիչ է, ով հայտնի է սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված իր մոտեցումներով և երկրի զարգացմանը ցուցաբերած մեծածավալ աջակցությամբ։ Երկխոսության փոխարեն իշխանությունն ընտրեց ճնշումների և վախի մթնոլորտ տարածելու ճանապարհը»։
Պահանջում ենք.
1․ Անհապաղ դադարեցնել Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումն ու հալածանքները։
2․ Քննության ընթացքում ապահովել Գագիկ Ծառուկյանի օրինական իրավունքների պաշտպանությունն ու կալանքի արժանապատիվ պայմանները։
3․ Իրականացնել օբյեկտիվ ու թափանցիկ քննություն՝ բացառելով քաղաքական պատվերներն ու ճնշումները դատական համակարգի նկատմամբ։
«Գագիկ Ծառուկյանի, ինչպես նախկինում՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ իրականացված քաղաքական հաշվեհարդարը վկայում է Հայաստանում այլախոհության ճնշման գնալով ահագնացող միտումների մասին։ Իրենց աթոռներից կառչած ներկայիս իշխանություններն անցել են սեփական քաղաքացիների դեմ բացահայտ ահաբեկման։ Այս անօրինականության պատվիրատուներին կոչ ենք անում ուշքի գալ, քանի դեռ իրավիճակը չեն հասցրել քաղաքացիական բախման փակուղի։
ԿԿՄ-ԽՄԿԿ Կենտրոնական խորհուրդն իր լիակատար համերաշխությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին, Հայաստանի կոմունիստական կուսակցությանն ու երկրի բոլոր առաջադեմ ու ժողովրդական ուժերին»,- նշված է հայտարարության մեջ։
ԿԿՄ-ԽՄԿԿ Կենտրոնական խորհուրդ
-Աբխազիայի Հանրապետության կոմունիստական կուսակցություն
-Հայաստանի կոմունիստական կուսակցություն
-Բելառուսի կոմունիստական կուսակցություն
-Վրաստանի Միացյալ կոմունիստական կուսակցություն
-Ղազախստանի կոմունիստական կուսակցություն
-Ղրղզստանի կոմունիստների կուսակցություն
-Լատվիայի կոմունիստական կուսակցություն
-Լիտվայի կոմունիստական կուսակցություն
-Մոլդովայի Հանրապետության կոմունիստների կուսակցություն
-Մերձդնեստրի կոմունիստական կուսակցություն
-Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն
-Տաջիկստանի կոմունիստական կուսակցություն
-Թուրքմենստանի կոմունիստական կուսակցություն
-Ուզբեկստանի կոմունիստական կուսակցություն
-Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն
-Էստոնիայի կոմունիստական կուսակցություն
-Հարավային Օսիայի Հանրապետության կոմունիստական կուսակցություն
News.am
