Логотип

Կարկուտի հետևանքները Գյումրիում. Շիրակի մարզպետարանը հաշվում է վնասը

Շիրակի մարզում երեկ տեղացած կարկուտը գույքային մեծ վնասներ է հասցրել բնակիչներին։

Սոցցանցերում օգտատերերը տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակել, որոնցում երևում է, որ որոշ բնակավայրերում ձվի մեծության կարկուտ է տեղացել։ «Գալա» TV–ի հրապարակած տեսագրություններում երևում են Գյումրիում վնասված մեքենաները։

Շիրակի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ երեկվանից սկսվել են կարկուտի հասցրած վնասների գնահատման աշխատանքները։

«Վնասների գույքագրում իրականացվում է յուրաքանչյուր համայնքում։ Շիրակի մարզային հանձնաժողովը, համագործակցելով համայնքային հանձնաժողովների հետ, ուսումնասիրելու և ճշտելու է վնասները։ Հաշվառվելու է նաև գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին և մշակաբույսերին պատճառված վնասը»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` Գյումրիում խոշոր կարկուտ էր տեղացել նաև հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը։

Sputnik Արմենիա