Հազար օր. ահա թե որքան ժամանակ է, որ հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք ապօրինաբար պահվում են ադրբեջանական գերության մեջ։ 1000 օր է՝ ընտանիքները սպասում են պատասխանների և իրենց հարազատների վերադարձին։ Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որովհետև աշխարհը երբեք չպետք է մոռանա Ադրբեջանի շարունակվող հանցագործությունների մասին։ Այս մասին Կապիտոլիումի բլրի վրա կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կալիֆոռնիան ներկայացնող ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան։
Նա ընդգծել է, որ Բաքվի գործողությունները միջազգային իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում են։ Նա հիշեցրել է հումանիտար աղետի մասին, որի հետևանքով ավելի քան 120 հազար հայեր բռնի տեղահանվել են Արցախից՝ իրենց պատմական հայրենիքից, որտեղ նրանց համայնքները, եկեղեցիներն ու մշակութային ժառանգության օբյեկտներն այժմ ենթարկվում են ադրբեջանական զինվորականների կողմից ծրագրված ոչնչացման։
Ջիմ Կոստան նշել է, որ իր կապը հայ ժողովրդի հետ խորապես անձնական բնույթ ունի։ «Ես մեծացել եմ Սան Խոակինի հովտում, ուր ժամանակին տեղափոխվել էին Հայոց ցեղասպանությունից՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից, փրկված բազմաթիվ մարդիկ։ Ես մեծացել եմ այդ ընտանիքների կողքին, մենք միասին զբաղվել ենք գյուղատնտեսությամբ, և դեռ փոքր տարիքում իմ հարևաններից իմացել եմ այդ սարսափելի ոճրագործությունների մասին», – հիշողություններով է կիսվել կոնգրեսականը՝ հավելելով, որ այսօր Բաքվի ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ապացուցում են՝ Ադրբեջանի դաժանությունը շարունակվում է տասնամյակներ շարունակ։
Օրենսդիրը հայտարարել է պետական մակարդակով խիստ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին։ Իր գործընկեր Բրեդ Շերմանի առաջարկած փոփոխությանն աջակցելուց բացի, Կոստան առաջ է մղում նաև իր սեփական օրենսդրական նախաձեռնությունը։ Նրա առաջարկած փոփոխությունը պահանջում է ամբողջությամբ դադարեցնել ԱՄՆ-ի ցանկացած ռազմական օգնությունն Ադրբեջանին, քանի դեռ պաշտոնական Բաքուն իրական քայլեր չի ձեռնարկել բոլոր հայ գերիներին անհապաղ և անվերապահ ազատ արձակելու համար և ամբողջությամբ չի դուրս բերել իր զորքերը Հայաստանի Հանրապետության օկուպացված ինքնիշխան տարածքներից։
Կոնգրեսականը նաև հայտնել է, որ անձամբ դիմել է ԱՄՆ պետքարտուղարին՝ պահանջելով գործի դնել բոլոր դիվանագիտական լծակները, ներառյալ միջազգային ինստիտուտները, տարածաշրջանի քրիստոնեական մշակութա-կրոնական ժառանգությունը պաշտպանելու և պահվող անձանց ազատ արձակելու համար։
«Այս մարդկանց անուններն ու լուսանկարները չպետք է Ադրբեջանի կողմից օգտագործվեն որպես քաղաքական ճնշման լծակ։ Ընտանիքները չափազանց երկար են սպասում։ Ժամանակն է նրանց տուն վերադարձնելու։ Մենք կշարունակենք պայքարել միասին՝ ոչ միայն գերիների ազատության, այլև Հայաստանի ինքնիշխանության և ապագայի պաշտպանության համար», – եզրափակել է Ջիմ Կոստան։
News.am
