Логотип

Կրակոցներ չեն հնչել, բայց 9 անձ ձերբակալվել է․ ՀՀ ՆԳՆ-ն՝ Մասիսի դեպքերի վերաբերյալ

Մասիս-Էջմիածին խճուղու ավտոլվացման կետի մոտ տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի հետևանքով 9 անձ է ձերբակալվել։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունն արձագանքել է այսօր մամուլում հայտնված տեղեկություններին։

shamshyan.com-ը գրել էր, թե մայիսի 11-ին ծեծկռտուք է տեղի ունեցել տասնյակից ավելի մարդկանց մասնակցությամբ։ Բնակիչների խոսքով՝ կրակոցներ էլ են լսվել, ծեծկռտուքը շուրջ 40 րոպե է տևել, որի ընթացքում ոստիկաններ ու պարեկներ չեն եկել։

ՆԳՆ ոստիկանությունից հերքում են՝ կրակոցներ չեն եղել, իսկ Մասիսի համայնքային ու քրեական ոստիկաններն օպերատիվորեն արձագանքել են դեպքին։ Ըստ հաղորդագրության՝ գիշերը 1։30-ին մոտ ստացված ահազանգից հետո օպերատիվ խմբեր են մեկնել դեպքի վայր։

«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 23։20-ի սահմաններում մի խումբ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել, հայհոյել և հարվածներ են հասցրել միմյանց, ինչից հետո դեպքի վայրում թողնելով իրենց մեքենաները՝ դիմել են փախուստի»,- հայտնում են ոստիկանությունից։

Ձերբակալված անձինք, կազմված փաստաթղթերի հետ միասին, ներկայացվել են նախաքննական մարմին։

Sputnik Արմենիա