Որոշ տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունը վերջերս ռուսախոս ֆեյքեր է «բուծել», որոնք ակտիվ մեկնաբանություններ են գրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի լայվերի, տեսանյութերի տակ՝ իրենց աջակցությունը հայտնելով ՔՊ-ին և հատկապես Փաշինյանին։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Այս «հանճարեղ» գաղափարն, ըստ թերթի, իշխանության քարոզիչների գլխում հղացել է մի քանի պատճառով․
Նախ ցույց տալու համար, թե հայ-ռուսական լարված հարաբերություններն ամենևին չեն արտացոլում ռուսաստանաբնակ հայերի՝ ՀՀ իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը, որ նրանք անհանգստացած չեն, շարունակում են «սիրել և երկրպագել» Նիկոլ Փաշինյանին:
Եվ երկրորդ` տպավորություն գործելու, թե ՌԴ-ում ապրողներին եթե անգամ որոշ ընդդիմադիրներ Հայաստան բերեն, միևնույնն է` նրանք գալու են ու ՔՊ-ի օգտին քվեարկեն։
«Մինչդեռ ընդամենը շաբաթներ առաջ իշխանության ներկայացուցիչները սպառնում էին, թե հենց օդանավակայանում կձերբակալեն Հայաստան եկողներին, որոնք գալիս են ընդդիմության օգտին քվեարկելու»,–գրում է «Հրապարակը»։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Sputnik Արմենիա
