ՀՀ կառավարությունը որոշել է աջակցել հայաստանյան ջերմատնային տնտեսություններին` տրամադրելով լրացուցիչ արտոնություններ։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց, որ այս աջակցությունը միտված է մեղմելու դեպի Ռուսաստան արտահանման արգելքի հետևանքով ստեղծված խնդիրները։
Նրա խոսքով` նախորդ տարիներին աջակցության ծրագրերով կնքվել է 20 պայմանագիր, 91.5 հա տարածքով ջերմատներ են հիմնվել կամ հիմնվում, որից 34.5 հա–ն արդեն իսկ հիմնվել է ու այս տարի արտադրանք է թողարկել։
Եթե մինչև հուլիսի 1–ն իրականացված մոնիտորինգի արդյունքներով պարզվի, որ ջերմատունը կառուցվել է և գյուղատնտեսական արտադրանք է ունեցել ու վաճառել է, ապա, ըստ Պապոյանի, այս տնտեսվարողի վարկի համար սահմանված առավելագույն 8 տարի ժամկետը կերկարաձգվի 6 ամսով և սահմանված 12 ամիս արտոնյալ ժամկետից բացի կտրամադրվի նաև լրացուցիչ 6 ամիս` վարկի մայր գումարի և տոկոսադրույքի մարման համար։
Էկոնոմիկայի նախարարը ներկայացրեց նաև արտահանման երկրների ու ապրանքների ծավալների մասին վերջին տվյալները` հունիսի 1–17–ը 411 տոննա ջերմատնային բանջարեղեն, ելակ, շուրջ 1.8 միլիոն հատ և 17 տոննա ծաղիկ է արտահանվել Հայաստանից Վրաստան, Ուզբեկստան, ԱՄԷ, Իրան, Ուկրաինա, Բուլղարիա, Կիպրոս, Լատվիա, Ռումինիա, Չեխիա, Ավստրիա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Բելառուս, Ղազախստան։
Sputnik Արմենիա
